Շխմուրադի վանքը գտնվում է Տավուշի մարզի բերդի տարածաշրջանի Ծաղկավան գյուղից 6-7կմ  հարավ-արևմուտք: Ծաղկավան գյուղը գտնվում է Վարագաջուր գետի ափին: Գյուղի անվանումը կապված է գյուղի դիրքի հետ: Այն շրջապատված է ծաղկավետ դաշտերով: Գյուղը որպես բնակավայր նոր ժամանակներում հիմնվել է մոտ 120 տարի առաջ, բայց շրջակայքը մշտապես բնակեցված է եղել, ինչի ապացույցը  XII դարով թվագրվող Շախմուրադի վանքն է:  Վանքը կառուցվել է նորբերդի Կյուրիկյան իշխանության տարածքում:  Համաձայն ուսումնասիրությունների, Շխմուրադը ոչ թե վանքի, այլ շուրջը գտնվող ամրոցի   և շրջակա բնակավայրերի անունն է եղել: 

          Վանական համալիրը բաղկացած է Սբ. Աստվածածին եկեղեցուց, գավթից, ժամատնից և խորան-մատուռից:  Արևելյան ճակատում, աբսիդի և դրան կից խորանների (ավանդատների) միացման գծի վրա, պատի մեջ կան երկու եռանկյունաձև խորշեր, որոնց կողմնային պատի խորքում միանում են կիսաշրջանաձև գոգավորությամբ։ 

          Գավիթը կառուցված է եկեղեցու հարավային պատին կից, այդ կողմից բացվող մուտքի առաջ։ Գավիթը սեփական ամբողջական մեկ պատ ունի` հարավայինը: Գավթի պատերին կից զույգ մույթերի վրա էլ ժամանակին վեր է հառնել տանիքը: Այժմ տանիքն էլ մույթերն էլ քանդված են:

         Համալիրի ամենաինքնատիպ ու հետաքրքիր կառույցը մատուռանման խորանիկն է: Կառուցված է եկեղեցու հարավային պատի արևելյան ծայրի ու գավթի արևելյան պատի միացման անկյունում։ 

 

        Համալիրում պահպանած 1.5 տասնյակ արձանագրությունները որոշակի տեղեկություններ են տալիս համալիրի մասին: Դրանցից մեկը վերաբերում է XVI դարին և խոսում է վանքում եղած մեծ ու աշխույժ հոգևոր կյանքի մասին: 

Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի