Սուրբ Թադեի կամ Թադևոսի վանական համալիրը գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում և համարվում է Իրանում հայկական ամենաերևելի պատմամշակութային կոթողներից մեկը։ Եկեղեցու և վանական համալիրի տարածքի պատմությունը սկիզբ է առնում անհիշելի ժամանակներից և սերտորեն կապված է Քրիտոսի առաքյալներից Թադևոսի հետ։ Ավանդության համաձայն հենց այստեղ է գտնվում վերջինիս գերեզմանը։ 2008 թ․-ից ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունների ցուցակում։ Ամեն տարի ամռանը Թադևոս առաքյալի և սուրբ Անդուխտ կույսի հիշատակության օրը Իրանի հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ վանական համալիրը վերածվում է ուխտագնացության կենտրոնի։