Ծակքար լիճը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից10 կմ հարավ-արևմուտք, Կապուտանից մոտ 2 կմ արևելք՝ ծովի մակերևույթից 3270 մ բարձրության վրա։ Լճի մակերեսը 3 հեկտար է։ Ջրափնյա գծի երկարությունը 1,1 կմ է: Լիճը նաև այլ անվանումներ ունի՝ Ծաղկարսու, Ծաղկարի, Սագքար: Լիճն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ որպես ջրագրական հուշարձան: 

Դեպի լիճ տանող ճանապարհը մոտ 9.5 կմ է, որի մոտ 4 կմ հնարավոր է անցնել ամենագնացով, մնացած ճանապարհը՝ ոտքով:

Դեպի լիճ տանող ճանապարհին կարելի է հանդիպել բեզոարյան այծ, վայրի ոչխար, վարազ, արջ: Այստեղ ձևավորված են լեռնային, տափաստանային, լեռնաանտառային, մարգագետնատափաստանային, ենթալպյան, ալպյան և ձնամերձ լանդշաֆտներ: Ճանապարհը գերում  է իր գեղեցկությամբ: 

Լիճը շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայով, որը  ձգվում է Վարդենիսի և Արևելյան Սևանի լեռնաշղթաների հանգուցվելու կետից (Քեթի լեռ) մինչև Արաքս գետի Մեղրու կիրճը։ Երկարությունը շուրջ 130 կմ է։ Գազանալիճը, Կապուտան, Կապտաչ և Խուրջին լճերը նույնպես գտնվում են Զանգեզուրի լեռների կատարային մասում:

Այս տարածքում է գտնվում Զանգեզուրի արգելավայրը: Արգելավայրը հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք, որը հիմնադրվել է 2009 թ.-ին: Արգելավայրի տարածքը 17 368,77 հա է, գտնվում է ծովի մակերևույթից 2600-3904 մ բարձրության վրա։ Արգելավայրը ստեղծվել է մարգագետնատափաստանային, ենթալպյան և ալպյան էկոհամակարգերի պահպանության նպատակով։

Տարածքում կարելի է զարգացնել  էկոզբոսաշրջություն, որի համար խոչընդոտ են  հանդիսանում սահմանամերձ գոտի լինելու հանգամանքը և հանքային արդյունաբերությունը: