Ներկայիս Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղում է գտնվում ներկայիս Ծռվիզ ավերակ գյուղատեղին: Հեռավորությունը Երևանից 147 կմ է, իսկ մարզկենտրոն Իջևանից` 14 կմ: Այստեղ է գտնվել պատմական Մորո Ձորո վանքային համալիրը, որից այսօր կանգուն է միայն Սուրբ Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է V դարում: Կոթողի համար կառուցման նյութ է դարձել կոպտատաշ բազալտը: Հատակագծում քառախորան, կենտրոնագմբեթ կառույց է: Խորանները ներսից պայտաձև են, իսկ դրսից կիսաշրջանաձև: Բացառությամբ հարավայինի, որը արտաքուստ ուղղանկյուն տեսք ունի:
Մորո Ձորո վանքը բարգավաճել է XII-XIII դարերում: 1197 և 1213 թվականներին Իվանե և Զաքարե իշխանները նորոգել են վանքը, վերականգնել Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը: Նույն թվականներին վրաց Գեորգի իշխանը վանքն ազատել է հարկերից: Այս մասին տեղեկություններ ենք ստանում եկեղեցու հարուստ է վիմական արձանագրություններից: Դրանցից ամենաարժեքավորը հյուսիսային գմբեթարդի վրա Գեորգի III-րդի թողած արձանագրությունն է, որում ասվում է, որ 1177-78 թթ. վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին վանքն ազատել է բոլոր հարկերից, իսկ այդ վճիռը հաստատել է Գեորգի թագավորը: Կան նաև նվիրատվական արձանագրություններ: Վանքը մոնղոլական արշավանքների արդյունքում կորցրել է իր արտոնությունները, իսկ միաբանությունը` ցրվել է: Սուրբ Աստվածածին եկեղեցին գործել է մինչև XIX դարը` որպես ծխական եկեղեցի:
1980-ական թվականներին եկեղեցու ծածկն ու գմբեթը կրկին վերանորոգվել են: Հուշարձանի շուրջ տարածվում է պատմական Ծռվիզ գյուղատեղին, որի փոխարեն հետագայում հիմնվել է նոր գյուղատեղին:
Ծռվիզ եկեղեցին Աղստևի հովտում V դարից կանգուն մնացած կոթող է, մեր պատմության դարավոր վկաներից մեկը: