Ծովեր լիճը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում՝ ծովի մակարդակից 1400 մ բարձության վրա: Լիճը գրանցված է ՀՀ Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում (ցանկում ներառվել է 2008 թ.-ից): Լճի երկարությունը 250 մ է, լայնությունը ամենալայն տեղերում՝ 200 մ, առավելագույն խորությունը՝ 4.5 մ: Լիճը հիմնականում սնվում է ստորգետնյա քաղցրահամ աղբյուրներից և անձրևներից:

 

Ծովեր լիճը կարելի է համարել նաև մշակութային հուշարձան, քանի որ բնության այս հրաշքին բազմիցս անդրադարձել է հայտնի հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը իր ստեղծագործություններում։ Լիճը Թումանյանի նախընտրելի վայրերից մեկն էր, որտեղ նա հաճախ հանդիպում էր Ա. Իսահակյանի, Ա. Շիրվանզադեի, Վ. Բրյուսովի, Վ. Տերյանի, Լեոյի և այլոց հետ:

Լուսանկարը՝ Արմինե Աղայանի