Տոլորսի ջրամբարը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Սիսիան և Այրի գետերի միացման տեղում, Սիսիան քաղաքից 3 կմ հարավ՝ մոտ 1650 մ բարձրության վրա։ Ջրամբարի մակերեսը կազմում է 4,5 կմ², ջրի ծավալը` 82 մլն մ³: Հիմնականում սնում է Շամբի և Տաթևի ՀԷԿ-երը, նաև ոռոգում է Սյունիքի մարզի հողերը: Շահագործման է հանձնվել 1976 թվականին:

1960-ական թվականների խորհրդային իշխանությունները որոշում կայացրեցին տեղափոխել Տոլորսի գյուղը ու գյուղի տեղում ջրամբար կառուցել։ Տոլորսեցիները որոշեցին հեռու չգնալ, և նոր գյուղը կառուցվեց մոտակայքում՝ բարձունքի վրա:  Գյուղացիների համար որպես փոխհատուցում նոր վայրում հողե տների փոխարեն երկհարկանի, բարեկարգ քարե տներ էին կառուցվում։ Հին գյուղում հնագետների կողմից հայտնաբերվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ՝ լի ամեն տեսակ ոսկյա զարդերով և բրոնզե արձանիկներով։  

1861 թվականին կառուցված գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին մասամբ հայտնվեց ջրամբարի ջրերի տակ։ Ամեն տարի ջրամբարի ջուրը լցվում է և ծածկում եկեղեցին,  հնարավոր է նավակի միջոցով մոտենալ, իսկ ամռան վերջին ջուրն իջնում է այնքան, որ եկեղեցի հնարավոր է մոտենալ ոտքով: Տոլորսի ջրամբարում գտնվող Սուրբ Հռիփսիմե Եկեղեցին, այն եզակիներից է որ տարվա մեծ մասը գտնվում է ջրի մեջ։ Տեղի բնակիչները պատմում են, որ երբ ջրամբարի ջուրը բարձրանում է սովորական մակարդակից, և եկեղեցին ողողվում է մինչև գմբեթը ջրով, սկսվում է կարկուտով հորդառատ տեղատարափ, որը ոչնչացնում է ողջ բերքը։ Ենթադրվում է, որ դա Աստծո պատիժն է սրբավայրը անտեսելու համար: Ցավոք սրտի, ջրհեղեղի ժամանակ եկեղեցու վիճակը խիստ վատթարացել է։։ 

Երբ ջրամբարն արդեն կառուցված էր, ջուրը պետք է բաց թողնվեր, Խորհրդային Հայաստանի Հուշարձանների պահպանության հիմնադրամի միջոցով և գյուղացիների պնդմամբ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում գտնվող խաչքարերն ու բարավորը, որը եկեղեցու, այսպես ասած, անձնագիրն է համարվում, գյուղի գերեզմանատուն տեղափոխվեցին։ Ըստ բարավորի՝ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1861 թվականին։ Սակայն ազգային արխիվում պահվող փաստաթղթերի համաձայն՝ շինարարությունը դրանից մոտ 13 տարի առաջ էր սկսվել Տեր-Մինասյանների կողմից, որոնք այն ժամանակ այս կողմերի հոգևոր հայրերն էին։

 

Տոլորսի ջրամբարի կառուցման արդյունքում ոչ միայն ջրասույզ եղան Տոլորսի հին գյուղատեղին ու Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, այլև հարևան՝ Աշոտավան գյուղի հին բնակատեղին ու եկեղեցին։ Ըստ տարածքի բնակիչների՝ կար ժամանակ, երբ ջրի մակարդակն իջնում էր, երկու եկեղեցիները երևում էին, սակայն Աշոտավանի եկեղեցին, ցավոք, քանդվեց: