Գյուլագարակի Տորմակ եկեղեցին գտնվում է գյուղից մոտ 2 կմ հարավ` հին Տորմակավան գյուղատեղիում։ Եկեղեցին կառուցվել է 5-6րդ դարերրում և պատկանում է հայ եկեղեցական ճարտարապետության սրահավոր միանավ դահլիճ տիպին: Այս եկեղեցին վատ է պահպանված։ Քանդված են ծածկը, հյուսիսային պատի միջին հատվածը, բեմի աբսիդը, պատերի ստորին մասում և լուսամուտների ու մուտքերի եզրերում պոկված են երեսպատման քարերը։ Աղոթասրահը որմնասյուներով բաժանվում է երեք մասի, որոնց վրա հենվել են թաղակիր կամարները։ Բեմի աբսիդին հարավային կողմից կից է քառակուսի հատակագծով ավանդատունը, որն արևելքից ավարտվում է կիսաշրջանաձև աբսիդով։ Ավանդատունը և նրա արևելյան պատի դրսից կառուցված բաց աբսիդը քանդված են, մնացել են միայն պատերի հիմքերը։ Աղոթասրահի հարավային պատի վրա պահպանվել են ավանդատան խաչվող թաղերով ծածկի հետքերը։ Հյուսիսային պատի միջին մասը լրիվ ք քանդված և հնարավոր չէ որոշել, թե եկեղեցին այդ մասում ունեցել է մուտք կամ լուսամուտ։ Արևմտյան ճակատի վերևում պահպանվել է մի կարևոր մանրամաս, որը հնարավորություն է տալիս պարզել Տորմակի եկեղեցու արտաքին հարդարանքի նախնական տեսքը։ Դա ճակտոնի հորիզոնական գոտու մի մասն է, որը, ինչպես Կուրթանում, զուգակցված է լուսամուտի պարակալի հետ։ Գոտին զարդարված է բավական խոր փորված և խիստ շեշտված պայտաձև կամարիկների շարքով։ Եկեղեցու դահլիճից 3 մ հեռավորության վրա պահպանվել են սրահի պատի արևմտյան մասը լրիվ, իսկ հարավային և հյուսիսային թևերից 2—3 մ երկարությամբ հատվածներ։ Այս պատը կառուցված է շինարարական նույն տեխնիկայով, միևնույն քարով, ինչ և եկեղեցու դահլիճը։
Պեղումներից հետո միայն կարելի է պարզել սրահի հորինվածքը (հոծ պատեր, թե՞ սյունասրահ և կամ մույթերով կամարաշար):
Եկեղեցում է նկարահանվել <<Տերն ու ծառան>> ֆիլմը, երբ Մհեր Մկրտչյանը շնորհակալություն է հայտնում Տիրոջից Թաթոսանց Մաթոսին ճանաչելու համար:
Լուսանկարը՝ Արմինե Աղայանի