Վարդաբլուրի լճերը գտնվում են Հայաստանի Լոռու մարզում, Վարդաբլուր գյուղի մոտակայքում՝ ծովի մակարդակից 1325 մետր բարձրության վրա։ Լճերը թվով հինգն են: Դրանցից երեքը ընկած են մեկը մյուսի կողքին, տարբեր գույնի են և կոչվում են եռագույն լճեր: Լճերը շրջապատված են խոնարհադեմ ուռենիներով և սաղարթախիտ անտառներով: Տարածքում կա նաև կղզյակ, որին կարելի է հասնել կամրջով:
Վարդաբլուր գյուղը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Վանաձորից 19 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուդը տեղավորված է Գարգառ գետի երկու ափերին: Ամենաբարձր կետը Սուրբ Սարգիս լեռն է՝ 1550 մ։
Վարդաբլուր գյուղի արևելյան հատվածում, Սուրբ Սարգիս լեռան գագաթին տեղավորված են Կիկլոպյան ամրոցն ու համանուն մատուռը, Կյուրիկյան թագավորների կառուցած Ասրոնը (բարձրադիր ապարանք, 1050 թ.), հյուսիսային հատվածում, Ձորագետի աջ կողմում գտնվող կիրճում տեղավորված են Ջգրաշեն եկեղեցին (VI դ.) և Կոտրած Ժամը (VI դ.), գյուղում՝ Սբ. Աստվածածին եկեղեցին (1876 թ.), Սբ. Խաչ եկեղեցին (XII դ.):