Վարդավառի լիճը Երևան քաղաքի հնագույն և ծավալով երկրորդ խոշոր արհեստական լճակն է, այն կոչվում է նաև Արգիշտի ծով, Թոխմախ գյոլ, Կոմերիտմիության լիճ:
Ջրամբարը գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևելյան մասում, Էրեբունի համայնքում՝ 920 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,085 կմ2 է, ջրատարողությունը՝ 151 000 մ3։
Հին լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցվել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։
XVI դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել:
Մինչև 1939 թ.-ը եղել է բնական լճակ, սնվել ստորերկրյա ջրերից և մթնոլորտի տեղումներից, հնում՝ նաև Մամռիի ջրանցքից։
1939 թ.-ին կառուցվել է արհեստական լճակ, որը սնվում էր Նորքի ջրանցքից, այժմ՝ Երևանի մետրոպոլիտենից դուրս քաշվող արտեզյան ջրերից։ Պատվարը հողային է, առավելագույն բարձրությունը՝ 7 մ։ Ափերը և հատակը բետոնապատված են։ Մեծ է լճակի նշանակությունը շրջապատի միկրոկլիմայի համար։ Այստեղ են անցկացվում են ջրային սպորտի մրցումներ, կան նաև լողափեր։ Ջրերն օգտագործվում են նաև շրջակա հողատարածքը ոռոգելու նպատակով։
Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թթ-ին։ Լճի հատակն ու եզրերը ամբողջությամբ բետոնապատվել են։ Ընդարձակվել է լճակը սնուցող Մամռի ջրանցքի, որը անվանափոխվեց Ստեփան Շահումյանի անունով։ Լճի շրջակայքը վերածվել է այգու։ Այդ ժամանակվանից ի վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով և ջրանցքներով (Մամռի, Աբուհայաթի և այլն):
2011 թ.-ին լճի մոտակայքում գտնվող այգին վերանորոգվել և կոչվել է Լիոնի այգի՝ ի պատիվ Երևան և Լիոն քաղաքների բարեկամության։
Լճի հետ կապված կա նաև մի ավանդություն, ըստ որի՝ լսելով գեղեցկուհի Աբու Հայաթի ինքնասպանության լուրը՝ նրա փեսացու Թոքմաք խանը իրեն նետել է այս լիճը և խեղդվել, որը և նրա անունով կոչվել է Թոխմախան լիճ՝ գյոլ: