Կեչուտի ջրամբարը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում, Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա և Կեչուտ գյուղից 1,4 կմ հարավ, Արփա գետի վրա՝ 1950 մ բարձրության վրա։  

Ջրամբարի շինարարական աշխատանքները սկսվել են 1967 թ.-ին, շահագործման է հանձնվել 1981 թ.-ին։ Պատվարը քարալիցքային է՝ մոտ 50 մ բարձրությամբ և 230 մ երկարությամբ։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 22, 5 մլն մ³ է, օգտակար ծավալը՝ 3, 5 մլն մ³, հայելու մակերեսը՝ 1, 2 կմ², խորությունը` 18 մ: 

Ջրամբարը սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Կեչուտի ջրամբարը «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը։ Ջրամբարը կառուցվել է Արփա գետի ջրերը Սևանա լիճ տեղափոխելու և ոռոգման նպատակներով:

Ջրամբարի ջրի ելքը կարգավորվում է մետաղական հարթ վահանների օգնությամբ: Ջրամբարի աղետային ջրերը  (190 մ3/վ)  հեռացվում են «Մարգարիտկա» տիպի հորանային ջրթողի և 6 թունելային անցքերի (6-տերևանի կառուցվածքի) միջոցով։ Հայաստանում գոյություն ունի միայն երկու «Մարգարիտկա» տիպի հորանային ջրթող՝ Շամբի և Կեչուտի ջրամբարներում: 

Ձմռանը ջրամբարը սառցակալում է, սառցածածկույթի հաստությունը կազմում է 23-35 սմ, ձյան շերտինը սառցածածկույթի վրա` 33-52 սմ:

Կեչուտի ջրամբարը կառուցվել է մի լայն հովտում` շրջապատված կիրճի ուղղահայաց պատերով, որտեղ գոյություն են ունեցել հին խաչքարեր և միջնադարյան գերեզմանոց: