Անհատական տուրեր
10 persons
Մեր այսօրվա տուրը նվիրված է Ծաղկազարդին: Օրը կսկսենք «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանից: Համալիրը բաղկացած է տաճարից և աշխարհիկ կառույցներից (կաթողիկոսական պալատ, կենցաղային սենյակներ, բաղնիք, խաղողի հնձան, ջրհոր): Տաճարական համալիրի հարավարևելյան մասում պահպանվել են նաև V դ. միանավ եկեղեցու մնացորդներ (սեղանի բեմը, մկրտարանը և այլն): Զվարթնոց տաճարը կառուցվել է 643-652թթ. ընթացքում Ներսես Տայեցի կաթողիկոսի կողմից: Զվարթնոց տաճարի կառուցման մասին հայ պատմիչները տեղեկություններ են հաղորդում սկսած 7-րդ դարից: Առաջին տեղեկությունները հաղորդում է 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը և պատմիչներից միակն է, որ տաճարն անվանում է Զվարթնոց, մյուս բոլոր պատմիչները հիշատակում են Սբ. Գրիգոր տաճար անվամբ: Ըստ Սեբեոսի եկեղեցին կառուցվել է հանուն երկնային Զվարթունների` երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին Սուրբ Գրիգորին: Ըստ պատմիչների՝ տաճարը ավերվել է տաջիկների (արաբների) կողմից: Սակայն որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ տաճարի կործանման պատճառը եղել է երկրաշարժը: Կործանումից հետո տաճարը դարերի ընթացքում ծածկվել է հողով և վերածվել բլուրի` միայն 20-րդ դարի սկզբին մաքրվելով հողի դարավոր շերտերից:
Ճանապարհը կշարունակենք դեպի Էջմիածին քաղաք: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարն աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է,Սրբություն Սրբոցը:Բացառիկ է նրա առաքելությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր ու մշակութային կյանքում: Ոչ մի այլ ազգային «գանձ» այնքան մեծ դեր ու նշանակություն չի ունեցել ու չունի, որքան Սուրբ Էջմիածինը: Դարերի ընթացքում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը ենթարկվել է այն բոլոր փորձություններին, ինչ իր հարազատ ժողովուրդը: Մայր Տաճարը կառուցվել է Գրիգոր Լուսավորչի կողմից` համաձայն իր տեսիլքի, ըստ որի Աստծու Միածին Որդին իջնում է երկնքից և ոսկե մուրճով հարվածում գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը: Ս. Էջմիածնի Մայր Տաճարի կառուցումն ավարտվեց 303 թվականին:
Սբ. Հռիփսիմե վանքը վաղ միջնադարյան Հայաստանի հոգևոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է և հանդիսանում է հայկական ճարտարապետական ամենաբարդ հորինվածքներից մեկը: Այն հիմնադրվել է 618 թվականին՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից IV դարում կառուցված Սբ. Հռիփսիմե նահատակի դամբարանի տեղում:
Սբ. Գայանե վանքը գտնվում է Սբ. Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Այնտեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սբ. Գայանեի վկայարանը: 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Ս. Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել:
Սբ. Շողակաթ եկեղեցին փոքր ծավալի, բայց ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է: Այն Էջմիածնի ճարտարապետական համալիրի ամենանոր կառույցն է: Կառուցվել է 1694 թվականին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Հռիփսիմե վանքի արևմտյան մասում: Ըստ ավանդույթի՝ հիմնադրվել է այն վայրում, ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա «Շող է կաթել»: Նրան շատ մոտ մի փոքրիկ մատուռի ավերակներ կան, որը 5-6-րդ դարի կառույց է եղել:
Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի կենտրոնական մասում: Այն կառուցվել է 1767 թվականին երջանկահիշատակ Սիմեոն Երևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք:
Տուրի վերջին կետը Թարգմանչաց վանքն է (VII դ.), այն նմանացվել է VII դարում կառուցված Արամուսի նույնանուն վանքին: Եկեղեցին եղել է գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Տեղացիները եկեղեցին կապելով հայ գրի և գրականության սկզբնավորող Մ. Մաշտոցի անվան հետ, այն կոչել են Մեսրոպավանք:
Մեկնում՝ 11.00
Վերադարձ՝ 17.00
Մեկնման վայր՝ Հակոբ Հակոբյան 1, Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ