Դասական տուրեր
20 մարդ
Արագածոտնի մարզ
Այս անգամ առաջարկում ենք ճանաչողական տուր, որը կհամատեղենք կավագործության վարպետաց դասի և համեղ խաշի հետ:
Օրը կսկսենք համեղ խաշից, որից հետո ցանկացողները կարող են մասնակցել կավագործության վարպետաց դասին:
Ճանաչոցական էքսկուրսիան կսկսենք Տեղեր վանքից, որը գտնվում է անդնդախոր կիրճի աջափնյա եզրին: Ըստ գավթի արևմտյան մուտքի բարավորին պահպանված շինարարական արձանագրության` վանքը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը` Մամախաթունը, 1213-1232 թթ.: Վանքի ճարտարապետն է Աղբայրիկ վարդպետը: Հուշարձանը կառուցվել է մոխրագույն բազալտ քարով: Միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից է: Բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց և գավթից:
Այնուհետև կուղղվենք դեպի Սաղմոսավանք: Հայկական այս առաքելական վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում։ Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանք բառը առաջացել է սաղմոն բառից: Սաղմոսը հոգևոր երգն է։ Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել։ Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Վանքից դեպի կիրճ գեղեցիկ տեսարան է բացվում:
Տուրի հաջորդ կանգառը Հովհաննավանքն է / կամ Օհանավանքը/, որը գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին։ Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով:
Տուրը կավարտենք Մուղնիի Ս.Գևորգ վանքի այցելությամբ: Ըստ XVII դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի՝ Ս.Գևորգ վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը: Հավանաբար դա տեղի է ունեցել XIII դ. 1-ին կեսին, որովհետև արդեն 1278-ին Մուղնիի Ս. Գևորգ վանքում ձեռագիր է ընդօրինակվել: XIII-XV դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի: Վանքը ծաղկում է ապրել XVII դարում, երբ համալիրը 2 անգամ հիմնովին վերականգնվել է: 1632-55-ին վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորերը` 2 զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ և խցեր: Սակայն 1664թ. Հովհաննես վարդապետը հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-69-ին կառուցել նորը:
Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ մոտ 19:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ