Դասական տուրեր
20 մարդ
Շիրակի մարզ
Տուրի առաջին կանգառը կլինի Սառնաղբյուր գյուղում, որը հայտնի է իր եկեղեցիներով և սուրբ ջրերով: Այստեղ կտեսնենք միջնադարյան Հոգեվանք համալիրը (Կարմիր վանք կամ Ձորագյուղի վանք): Հոգեվանքի Ս. Կարապետ եկեղեցին կառուցվել է 1205 թ.: Սբ. Թադեոս Առաքյալ եկեղեցին կառուցվել է 1883 թ-ին: Գյուղամիջի մյուս եկեղեցին` Սբ. Հակոբը, ամենահինն է, կառույցն ու պահպանված որմնասյան խարսխի գծավոր զարդաքանդակները բնորոշ են V-VI դարերին:
Կանգ կառնենք «Զաղա» սուրբ ջրի քարայրի մոտ: Այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանզի եղել է Գրիգոր Լուսավորչր ուխտատեղին, այստեղ հատկապես նշանավոր է ջուր բխող մեծ քարայրը, որը մինչ օրս ծառայում է որպես ուխտատեղի: Քարայրի ներքին պատերի վրա պահպանվել են արձանագրություններ: Ժամանակի ընթացքում քարայրն ընդարձակվել է, իսկ ժայռերին քանդակվել են խաչեր:
Ճանապարհին կտեսնենք Սառնաղբյուրի գեղեցիկ ջրամբարը: Այնուհետև կուղևորվենք դեպի Տուֆաշեն գյուղը: Պահպանված պատմական հուշարձաններից առավել ուշագրավ է մ.թ.ա. II հազարամյակի ամրոցը: Ամրոցից պահպանվել են բերդապարիսպների ստորին մասերը` շարված անմշակ որձաքարերով, առանց շաղախի և ունեն 1.5 մետր հաստություն: Տուֆաշենում պահպանվել է վաղ միջնադարյան գերեզմանատուն, որտեղ բոլոր գերեզմանաքարերը տուֆից են և մշակված տապանաքարերին հատուկ ձևերով: Գերեզմանատանը, որպես տապանաքարեր օգտագործված են ինքնատիպ զարդաքանդակներ ունեցող խաչքարեր (XIII-XIVդդ.): Տուֆաշենի պատմական հուշարձանների շարքում ոչ պակաս կարևոր արժեք է ներկայացնում Թուխ Մանուկ կոթողը (XII-XIII դդ.):
Հաջորդ կանգառը կլինի Լմբատավանքը, որը գտնվում է Արթիկ քաղաքից 1,5-2 կմ հարավ-արևմուտք, բարձունքի լանջին: VI-VII դդ. խաչաձև գմբեթավոր կառույց է:
Տուրի վերջին կանգառը կլինի Հառիճավանքի վանքային համալիրը (XIII դ), որը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սբ. Գրիգոր և Սուրբ Աստվածածին մատուռներից, զանգակատնից, տնտեսական կառույցից և դպրոցի շենքից: Հետդարձի ճանապարհին կվայելենք նաև Վարդաքարի ջրամբարի գեղեցկությունը:
Մեկնում՝ 09:00
Վերադարձ՝ 20:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ