Դասական տուրեր
20 մարդ
Արագածոտնի մարզ
Այս անգամ առաջարկում ենք տուր, որը կհամատեղենք կավագործության վարպետաց դասի, համեղ խորովածի և ճանաչողական էքսկուրսիայի հետ:
Տուրի առաջին կանգառը Աղձք գյուղում գտնվող Արշակունիների դամբարանն է: Արշակունի թագավորների աճյունները ամփոփված են եղել Աղձքի արքայական դամբարանում, որը թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ Իսկ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ Պարսից Շապուհ Բ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, փորձել է այնտեղ թաղված հայ թագավորների աճյունները Պարսկաստան փոխադրել: Պարսիկների պատկերացմամբ, մասունքների հետ միասին իրենց երկիր կտեղափոխվեր նաեւ նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյանը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է հայոց արքաների աճյուններն եւ դրանք հողին հանձնել Աղձքում։
Այնուհետև կուղևորվենք դեպի Բյուրական, որտեղ կայցելենք Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այս ճարտարապետական հուշարձանը միանավ բազիլիկ տիպի եկեղեցի է: Ավանդաբար եկեղեցու կառուցումը վերագրվում է Հովհաննես Ե․ Դրասխանակերտցի կաթողիկոսին (898-929 թթ.), սակայն կան լուրջ հիմքեր համարելու, որ եկեղեցին կառուցվել է նշված ժամանակից էապես վաղ:
Այնուհետև ոտքով կիջնենք դեպի Արտավազիկ եկեղեցին (թեթև քայլարշավ), որը գտնվում է Բյուրականից ոչ հեռու՝ ձորում: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, կարմիր և սև տուֆից, գմբեթը խաչաձև է: Առաջին անգամ եկեղեցին վերակառուցվել է 12-րդ դ., երկրորդ անգամ՝ 1959-1960 թթ.: 1840 թ․-ի ջրհեղեղի ավերածությունների պատճառով եկեղեցին զգալիորեն վնասվել է: Հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության մեջ Արտավազիկի եկեղեցին առանձնանում է իր ինքնությամբ: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է, իսկ եկեղեցում, ցավոք, չեն պահպանվել վիմագիր արձանագրություններ։ Վարկածներից մեկի համաձայն՝ ի պատիվ կառուցողի անվան եկեղեցին կոչվել է Արտավազդ: Այսօր եկեղեցին գտնվում է կիսավեր վիճակում։ Ավերված է ժողովատեղին և գմբեթը:
Հաջորդ կանգառը անկրկնելի Տեղեր վանքն է, որը գտնվում է անդնդախոր կիրճի աջափնյա եզրին: Ըստ գավթի արևմտյան մուտքի բարավորին պահպանված շինարարական արձանագրության` վանքը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը` Մամախաթունը, 1213-1232 թթ.: Վանքի ճարտարապետն է Աղբայրիկ վարդպետը: Հուշարձանը կառուցվել է մոխրագույն բազալտ քարով: Միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից է: Բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց և գավթից:
Տուրի վեջին կետը կավագործության վարպետաց դասն է: Օրը կամփոփենք տոնական ճաշով՝ խորովածով:
Մեկնում՝ 11:00
Վերադարձ՝ մոտ 20:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ