Ջիպ տուրեր
20 մարդ
Շիրակի մարզ
Տուրը առաջին կանգառը Չիչխանավանքն է, որը գտնվում է Սպիտակի Շիրակամուտ գյուղի մոտակայքում: Եկեղեցուց հարավ հոսում է Փամբակ գետի Չիչխանա կամ Չիչկանա վտակը: Նույն անունն է կրում նաև այն կիրճը, որտեղով հոսում է վտակը: Եկեղեցու ստույգ անունը հայտնի չէ և Չիչխանավանք է կոչվում ժողովրդի լեզվով: Անվան ստուգաբանությունը կապվում է տարածաշրջանում տարածված չիչխան բույսի հետ: Եկեղեցու մասին պատմագրական տեղեկություններ գրեթե չեն պահպանվել: Փոխարենը Չիչխանավանքի պատերը պարունակում են բավական հարուստ փաստագրական նյութ: Մասնավորապես, եկեղեցու գրեթե բոլոր որմնաքարերը իրենց վրա կրում են այնպիսի վարպետական նշաններ, ինչպիսիք առկա են վաղ միջնադարյան հուշարձանների վրա` օրինակ Զվարթնոցի: Այս վարպետական նշաններն էլ թույլ են տալիս ենթադրել, որ եկեղեցին կառուցվել է ոչ ուշ, քան 7-րդ դարը, քանի որ նման նշաններ ունեցող շինությունները թվագրվում են ամենաուշը 7-րդ դարով: Եկեղեցու պատերի վրա կա մեկ արաբերեն և մեկ արամեերեն արձանագրություն, որը բացառիկ երևույթ է, քանի որ Արտաշես 1-ի թողած հողաբաժան սահմանաքարերից բացի արամեերեն արձանագրություններ գեթե չեն պահպանվել: Եկեղեցին ունի խաչաձև հատակագիծ, կենտրոնագմբեթ է, միախորան և ունեցել է միայն մեկ մուտք` հարավային կողմից:
Լինելով բլրի ստորոտում` եկեղեցին գրեթե հիմնովին ավերվել է 1926թ Գյումրու երկրաշարժից: Խորհրդային տարիներին եկեղեցին մասնակի վերակառուցվել է` կորցնելով իր նախնական հորինվածքային տարրերն ու նախկին դիմագիծը: Այս տարբերակը, սակայն, կրկին ավերվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից: Մեր օրեր Չիչխանավանքը հասել է ամբողջությամբ ավերված վիճակում և վերակառուցվել է անկախության տարիներին: Վերակառուցված տարբերակում պահպանված է միայն 7-րդ դարի համալիրի հատակագծային հորինվածքը: Ճարտարապետական առումով ներկայիս հորինվածքը աղերսներ չունի հնագույն կոթողի հետ:
Այնուհետև կշարունակենք ճամփորդությունը լեռնային արահետներով դեպի Թռչկան գեղատեսիլ ջրվեժը: «Թռչկան» ջրվեժը Հյուսիսային Հայաստանի բնության ամենագեղեցիկ հրաշալիքներից մեկն է, որը գտնվում է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերի սահմանային հատվածում՝ Չիչխան գետի Թռչկան վտակի վրա և իր բարձրությամբ երկրորդն է Հայաստանում։
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 21:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ