Ջիպ տուրեր
20 մարդ
Լոռու մարզ
Լոռու գեղեցիկ բնության և հրաշալիքների մասին շատ ենք լսել, այժմ գնում ենք բացահայտելու նրանցից մի քանիսը:
Տուրի առաջին կանգառը Վարդաբլուր գյուղն է, որտեղ կտեսնենք Վարդաբլուրի 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին և 12-րդ դարի Սուրբ Խաչ մատուռը, ինչպես նաև Վարդաբլուրի գեղատեսիլ եռագույն լճերը:
Տուրի հաջորդ կանգառը 6-րդ դարի Գտեվանքն է: Կուրթան և Վարդաբլուր համայնքների միջև, ճամփեզրին մոտ տարածքում դեռևս կանգուն են Գտեվանք ավերված եկեղեցու հիմնապատերը: Պահպանված են եկեղեցու որմնաշարերի ստորին հատվածները, կառույցի շարվածքից հանված են արտաքին երեսաքարերը, պատերը կանգուն են՝ ամրակուռ կրաշաղախի շնորհիվ: Եկեղեցին իր ավերված վիճակով էլ ունի հպարտ կեցվածք: Շինության մնացորդներից երևում է, որ կառույցը վերարտադրվել է Կուրթանի եկեղեցու հորինվածքի փոքրացված չափերով:
Եկեղեցին սրահավոր միանավ թաղակապ դահլիճ է՝ հարավային կողմին կից ավանդատնով, որի արևմտյան պատն արտաքուստ ունի կիսաշրջանաձև խորան: Եկեղեցու հարավային մասում տարածվում է միջնադարյան փոքրիկ գերեզմանոցը՝ պահպանված մոտ մեկ տասնյակ տապանաքարերով:
Ճանապարհը կշարունակենք դեպի անչափ գեղեցիկ Հնեվանք: Վանական համալիրը գտնվում է Կուրթան գյուղից արևելք՝ Ձորագետի աջ ափին։ Խաչաձև գմբեթավոր եկեղեցին կառուցվել է VII դարում, սրբատաշ ֆելզիտից, արտաքուստ ուղղանկյուն է, ներքուստ`եռաբսիդ, ուղղանկյուն` արևմտյան թևով, անկյուններում`ավանդատներով։
Հնեվանքից կշարժվենք դեպի Արևածագի ձոր, կտեսնենք Ձորագետն ու հայտնի դարձած Ցիցքարը, որտեղ կարելի է հանգստանալ և լուսանկարվել:
Ճանապարհը կշարունակենք դեպի Արդվիի Սուրբ Հովհաննես վանքը (նաև Սրբանեսի վանք կամ Հովհան Օձնեցու վանք), որը կառուցվել է 8-17 դդ.: Այն բաղկացած է միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներից, զանգակատնից, վանական շինություններից։ Հյուսիսային եկեղեցու բեմի առջև Հովհաննես Գ Օձնեցու խոշոր տապանաքարն է։ 13-րդ դարում եկեղեցու արևմտյան ճակատին կամարակապ մեծ բացվածքով սրահ են կցել։ 17-րդ դարում եկեղեցիներից հարավ կառուցել են առանձին կանգնած, խորանարդաձև ստորին ծավալով և վեցասյուն ռոտոնդայով զանգակատուն։ Վանքի պարսպապատ տարածքում գտնվում են խցերի և տնտեսական շենքերի ավերակները, համալիրից արևմուտք միջնադարյան գերեզմանոցն է՝ գեղաքանդակ խաչքարերով։ Վանքը 19-րդ դարում նորոգել է Ստեփանոս Տարինյանը, 1902 թվականին՝ Մելիքսեթ Քալանթարյանը։
Արդվիի բնական հուշարձաններից է Օձի պորտը։ Այստեղ ամփոփված է նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Հովհան Օձնեցու մարմինը։ Նրա բազմաթիվ հրաշագործություններից մեկը կապված է Օձի պորտի ավանդության հետ։ Մի օր, երբ Օձնեցին սուրբ Պատարագ էր մատուցում, երկու զարհուրելի վիշապ լեռան լանջով գյուղին են մոտենում։ Սուրբը խաչով խաչակնքում է վիշապներին, և վիշապները կապվում են մինչև պատարագի ավարտը։ Դուրս գալով պատարագից՝ երանելի Հովհանը գավազանով խփում է վիշապների գլուխներին, և նույն պահին վիշապները քարանում են։ Այդ վայրը կոչվում է «Օձի պորտ», որտեղից բխող ջուրն ունի բուժիչ հատկություն։
Տուրի վերջին կանգառը Օձունի եկեղեցին է: Օձունը գտնվում է Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, Ալավերդի քաղաքից 8 կմ հարավարևմուտք: Տարածքը հարուստ է միջնադարյան ճարտարապետական հուշարձաններով: Գյուղի կենտրոնում է գտնվում 5-6 դդ. գմբեթավոր բազիլիկ եկեղեցին: Սա հորինվածքային ընդգծված ընդհանրություն ունի վաղ միջնադարյան եռանավ բազիլիկների հետ: Եկեղեցու կառուցումը ավանդաբար վերագրել են Հովհան Օձնեցուն, ինչն ուսումնասիրողները իրավամբ հավաստի չեն համարում: Ճարտարապետական հորինվածքով և հարդարման գեղարվեստական ոճով մոտ 6-րդ դ. վերջի կառույց է: Եկեղեցին անվանվել է Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. Վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար: Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է:
Մեկնում՝ 10:00
Վերադարձ՝ 21:00
Մեկնելու վայր՝ Հակոբ Հակոբյան 1/ Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ