Գեղարդավանքը, որ նախկինում ավելի հայտնի էր Այրիվանք անվամբ, գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղից հյուսիս-արևելք, Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին: Ըստ ավանդույթի վանական համալիրը հիմնադրվել է Ք. ա. 4-րդ դարում, բայց հիմնական շինությունները կառուցվել են XIII դարում: Վանքի հիմնադրումը կապվում է Գրիգոր Լուսավորչի, իսկ վանական համալիրի ծաղկունքը` նրա հաջորդ Սահակ Պարթևի անվան հետ: Վանքը հիմնադրվել է  հեթանոսական սրբավայրի տեղում: Համալիրի համար սկզբնապես օգտագործվել են բնական քարանձավները, որից էլ առաջացել է մենաստանի առաջին` Այրիվանք անունը: Ժամանակակից <<Գեղարդավանք>> անունը համալիրը ստեցել է ի պատիվ շուրջ 500 տարի այստեղ պահվող աստվածամուխ Գեղարդի մասունքի:  Գեղարդը, այն խաչափայտի մասունքն է, որով Գողգոթայում` խաչի վրա, հռոմեացի զորավարը խոցել է  խաչված Քրիստոսին: 

4-րդ դարում վանք է այցելել Ներսես առաջին: Վանքը եղել է կացարան կաթողիկոս Սահակ առաջին Պարթևի համար: 8-րդ դարի առաջին կեսին Գրիգոր Գրզիկը  դարձել է վանքի վանահայր ու հիմնել Գեղարդավանքի դպրոցը: Բարսեղ Վարդապետի վանահայրության օրոք սրբատաշ տուֆից կառուցվել է վանքի գլխավոր` սուրբ Կաթողիկե եկեղեցին: 10-րդ դարում կաթողիկոս Հովհաննես 5-րդ դրասխանակերտցին, խուսափելով արաբ ոստիկանի հետապնդումներից, նախ ապաստանել է Գեղարդում, ապա անցել Սևանավանք: Արաբները 926թ. ներխուժել են վանական համալիր ու վանքի հարստությունների տեղն իմանալու համար կտտանքների ենթարկել միաբաններին, հրդեհել շինությունները:   13-րդ դարից վանքն անցել է հայ իշխան ու զորավար Իվանե Զաքարյանի իշխանության ներքո: 13-րդ դարի կեսից Պռոշ իշխանը վանքը գնել է Իվանե Աթաբեկի որդուց տոհմական գերեզմանոց դարձնելու նպատակով: 13-րդ  դարից  վանքում է պահվել սուրբ Գեղարդը, որն, ըստ ավանդության, Հայաստան է բերել Թադեոս առաքյալը: Սուրբ Գեղարդն այստեղ պահվել է մինև 18-րդ դար, ապա տեղափոխվել Էջմիածին: 

1260թ Կաթողիկեից ու գավթից հյուսիս` ժայռի մեջ, խցեր են փորվել և Պռոշ իշխանը սուրբ գեղարդի համար դրվագված պահարան է պատրաստել տվել: Պահարանի արձանագրության սկիզբը սրբության պաշտամունքի բանաստեղծական արտահայտությունն է: 13-րդ դարից Գեղարդավանքում են պահել նաև նոյյան   տապանի փայտե մասունքը: Այս երկու սրբությունները մեծ հռչակ են բերել վանքին: Այն 13-րդ դարում դարձել կրթամշակութային կարևոր կենտրոն: Գործել է Այրիվանքի դպրոցը, որը 1279թ-ից գլխավորել է Մխիթար Այրիվանեցին: Նրա և Հովհաննես Գառնեցի վարդապետի օրոք Այրիվանքի դպրոցում ծաղկել է գրչության արվեստը: Ստեղծվել վանքի հարուստ մատենադարանը: 1230-1250թթ Պռոշ իշխանը կառուցել է գավիթից մուտք ունեցող ու երդիկից լուսավորվող ժայռափոր առաջին եկեղեցին, որի ճարտարապետը  եղել է Գալձակը: Այս համալիրի հյուսիսային պատի տակ ժայռից բխում  է  հրաշագործ համարվող  մի աղբյուր, որի հրաշագործ ուժին հավատում էին նաև մեր հեթանոս նախնիները: 1283թ  Պռոշ իշխանը գավթի հյուսիսային կողմում հիմնել է Պռոշյանների տոհմական տապանատունը և երկրորդ վիմափոր եկեղեցին: Տապանատան պատին Պռոշյան իշխանական տան բարձրաքանդակն է` եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծի: Նրանցից ներքև թևատարած արծիվ է` ճաներում գառ բռնած: Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով գմբեթավոր դահլիճ տիպի է` հարուստ քանդակագործական արվեստի նմուշներով, իսկ վիմափոր համալիրներն, անկասկած, միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոցներից են: Վերին գավիթը, ինչպես և Ավազանն ու Պռոշյանների տապանատունը, կերտված է միակտոր ժայռից` Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կնոջ` Ռուզուքանի համար։ Արձանագրության համաձայն, այն կառուցվել է 1288 թ.։ Դեպի գավիթ տանող նեղ սանդուղքի երկայնքով ժայռի վրա քանդակված են խաչքարեր։  Գավթի ծածկը հենված է ամբողջապես միակտոր ժայռից կերտած չորս սյուների վրա։ Կամարները, այլ գավիթների համամեմատությամբ, ավելի ցածր են` ձեռակերտ լինելու պատճառով: Այստեղ պահպանվել են միայն Մերիկ և Գրիգոր Պռոշյան իշխանների տապանաքարերը։ Մնացած թաղումների հետքերը չեն պահպանվել։ Ապշեցուցիչ է կառույցի ակուստիկան` գերազանց` շարականների կատարման համար, երբ հնչյուններն, ասես, թևածում են դեպի վեր և թափանցում հարևան սրահներ։ Վանքը հայտնի էր որպես երաժշտական դպրոց։ Այն հիշարժան է նաև նրանով, որ շարականների հայտնի հեղինակների թվում եղել է նաև մի կին` Սահակադուխտը, որը 8-րդ դարում ստեղծագործել և դասավանդել է վանքում։ Թեև ժամանակի կանոնների համաձայն կանայք պետք է հեռու լինեին վանականներից, բայց Սահակադուխտն այնքան հայտնի էր իր ստեղծագործություններով, որ նրան թույլ է տրվել դասավանդել վանքում` թաքնվելով վարագույրի հետևում։ Մխիթար Այրիվանեցին կյանքի վերջին տարիներին ճգնել է վանքի քարայրերից մեկում, որի պատին 1251թ արձանագրություն թողել:

1679թ Գառնի ավերիչ երկրաշարժից ավերվել է Գեղարդավանքը, որը վերանորոգվել է հետագա 5 տարիների ընթացքում: Այս ընթացքում վանքը համալրվել է կենցաղային նշանակության կառույցներով` պարսպաշարով և  սեղանատնով: Պատրաստվել  է նաև Գեղարդի համար նոր արծաթե պահարան, որը կրկնում է հնի արձանագրությունը: Պահարանի դռների վերևում ավետման տեսարանն է, դիմացը` հրեշտակը, ներքևում` խաչելությունը, դիմացի փեղկին Գրիգոր առաջին լուսավորիչը:  1698թ պատրաստվել է ոսկյա մասնատուփ Գեղարդավանքում պահվող  նոյյան տապանի մասունքի համար, որի դռնակներին  Հակոբ Մծբնացու  և նրա դիմաց հրեշտակների քանդակներն են:

19-րդ դարում վանքը կրկին ավերվել է երկրաշարժից ու վերանորոգվել: 1932թ Թորոս Թորամանյանի  ղեկավարած արշավախումբը վանքի արևմտյան կողմում` ժայռի թեք լանջին պեղումներ կատարելիս բացել և ուսումնասիրել է խոշոր դահլիճ, որը Պռոշ իշխանի օրոք կառուցել է ոմն Մկրտիչը: Վազգեն առաջինի օրոք  վանական համալիրը հիմնովին վերանորոգվել է: 1987թ ավարտվել է Կաթողիկեի և գավթի տանիքների սալարկումը: Գեղարդավանքի ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի վերափոխման տոներին են: