Էլ Ալամեյնը արագ զարգացող և հեռանկարային հանգստավայր է, որը գտնվում է  Եգիպտոսի Միջերկրական ծովի ափին` Կահիրեից 300 կմ հյուսիս-արևմուտք և Ալեքսանդրիայից 106 կմ արևմուտք: Այս հանգստավայրը, որը նաև անվանում են եգիպտական ​​Մալդիվներ, գտնվում է հռոմեացիների կառուցած Անտիֆրայա ​​հնագույն քաղաքի տեղում։

Էլ Ալամեյն հանգստավայրը դեռ քիչ է հայտնի զբոսաշրջիկներին, սակայն ունի    Շարմ էլ Շեյխի ​​և Հուրգադայի այլընտրանքը դառնալու բոլոր հնարավորությունները: Զբոսաշրջիկներին գրավում են այստեղի սպիտակ ավազոտ  լողափերը, փիրուզագույն ծովը և բուժիչ կլիման: 

Քաղաքն ունի օպերային թատրոն, երկու համալսարան և աստիճանաբար կառուցապատվում է ժամանակակից շենքերով և հանգստի գոտիներով։ Այստեղ է գտնվում 14 կմ երկարությամբ առափնյա փողոցը, որն անցնում է Էլ Ալամեյնի բոլոր ժամանցային վայրերով։ New Alamein City թաղամասում կան բազմաթիվ խանութներ, ռեստորաններ, կինոթատրոն, ծովափնյա ակումբ և մեծ համերգային հարթակ։

Էլ Ալամեյնի տեսարժան վայրերից է ռազմական պատմության թանգարանը, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած երկու խոշոր մարտերին: Այստեղ կտեսնեք պատերազմի հուշահամալիրներ և մեծ դամբարան:

Էլ Ալամեյնում Միջերկրական ծովից փչող զով ծովային քամիների շնորհիվ շոգը շատ ավելի տանելի է, քան  Եգիպտոսի այլ քաղաքներում: