Ախուրյանի ջրամբարը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ստորին հոսքում, հայ-թուրքական սահմանին՝ ծովի մակարդակից 1600 մետրի վրա։ Ջրամբարի նախագծումը և շինարարությունը իրականացվել է Թուրքիայի և ԽՍՀՄ համատեղ համաձայնությամբ, որը ստորագրվել է 1963 թ.-ի ապրիլի 25-ին, և համատեղ ջանքերով։ Ըստ այդ համաձայնագրի՝ պետք է կարգավորվեր Ախուրյան, Կարս, Կարախան և Չորլի գետերի հոսքը, կողմերը պետք է հավասարապես օգտվեին ջրամբարից։ Ջրամբարի շինարարությունը սկսվել է 1975 թ-ին և ավարտվել 1980 թ-ին:

Ջրամբարը կառուցվել է այն տեղամասում, որտեղ Կարս վտակը միախառնվում է Ախուրյանին: Ախուրյան գետը, որը սկիզբ է առնում Արփի լիճ ջրամբարից, Արաքսի ձախափնյա ամենամեծ վտակն է։

Ջրամբարի երկարությունը 20 կմ է (սահմանի երկայնքով), ջրի ծավալը՝ 525 մլն մ³, օգտակարը՝ 510 մլն խմ, մակերեսը՝ 54 կմ: Օգտագործվում է գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար երկու սահմանների կողմերում (Հայաստանի Արագածոտնի, Արմավիրի և Շիրակի մարզերում ոռոգվող տարածքի մակերեսը կազմում է 104 հազար հեկտար):

Ջրամբարի առավելագույն խորությունը 46 մ է, լայնությունը՝ 5.5 կմ։ Ջրամբարը սնվում է Թուրքիայի և Հայաստանի տարածքի գետերից։

Ջրամբարը ստացել է նաև «Թուրքի լիճ» անունը:

Հայ-թուրքական ներկայիս սահմանի մի մասը բաժանված է ոչ թե ցամաքով, այլ ջրով։ Հայաստանը հյուսիս-արևմտյան սահմանի այս մասում Թուրքիայի հետ կիսում է Ախուրյանի ջրամբարը. 1975-1982 թթ.-ին ջրամբարի կառուցման համար տեղափոխվել են մի քանի գյուղեր, այդ թվում՝ Շիրակավանը։ Ջրամբարի տակ մնացած հին գյուղում մոտ 200 ընտանիք է ապրել: Ջրի տակ մնաց մոտ 900 հեկտար բերրի մշակված հող:  Ջրամբարը ջրի տակ է առել նաև «Երևան-Մոսկվա» երկաթգիծը, որը հենց այս տարածքով էր անցնում:

 

Փաստացի հայ-թուրքական սահմանն անցնում է հենց ջրամբարի միջով: Սահմանը նշվում է  ջրամբարի հեռվում նկատվող սահմանազատիչ աշտարակով:

 

Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի