Ապարանի ջրամբարը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ և Եղիպատրուշ գյուղերի մինջև
Ջրամբարը կառուցվել է 1962-1967 թթ-ին Ցոլակ Հակոբի Գեւորգյանի կողմից։ Մակերեսը 7,9 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 91 մլն խմ, օգտակարը՝ 81 մլն խմ, ջրթողունակությունը վայրկյանում 18 խմ։ Ջրամբարի ամբարտակը հողային է, բարձրությունը՝ 50 մ, երկարությունը՝ 200 մ, օգտագործվում է ոռոգման նպատակով:
Սնվում է Քասաղ գետի, Լուսագյուղ, Վարդենիս, Թթուջուր, Եղիպատրուշ, Քուչակ գետակների և մթնոլորտային տեղումներից։ Ձմռանը սառցակալում է։ Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է։ Այստեղ բուծվել է նաև Սևանա լճի իշխանը, սիգը և ծածանը։ Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը։ Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ։
1962-1967 թթ-ին Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ և Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում։
Ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած IV-V դարերի Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին և հարավային կողմում եղած V-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը 1967 թ-ին տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և իրենց պահպանված չափով վերաշարվել։ Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է նույն տեղում և 1967 թ.-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհաններ մնում է ջրի տակ։ Այդ վիճակով էլ մինչև 2005 թ. շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին։ Միայն 2005 թ-ին եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է։