Արագած հրաբխային քառագագաթ լեռը գտնվում է Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Լեռան ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090,1 մ բարձրություն։ Դա Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթն է և իրենից ներկայացնում է  շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված՝ մոտ 200 կմ շրջագծով լեռնազանգված։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Ընկած է եղել պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։

Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ):

Արագածը վաղ անցյալում եղել է աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկայական խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավարևելյան կողմից բաց է և շրջապատող աշխարհի հետ  կապվում է գետակների ու ջրվեժների միջոցով։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է՝ 4090, 1 մ։ Արևմտյան գագաթն ունի 3995,3 մետր, արևելյանը՝ 3908,2 մ, հարավայինը՝ 3887,8 մ բարձրություն։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։

Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 կմ² է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը 1,5 կմ մակերեսով խառնարանում է։ Սառցադաշտերից է սնվում Քասախի վտակ Գեղարոտը։

Արագածի լեռնազանգվածը հանգած հրաբուխ է, որի ժայթքման արդյունքում են առաջացել 4 գագաթները։ Արագած լեռն իրենից ներկայացնում է հսկայական հրաբխային զանգված, որն ունի 20-ից ավելի ճյուղավորություն՝ 3000 մետրից բարձր լեռնագագաթներով (Քարակատար, Քարապար, Կաքավասար, Նիգասար, Թեժառույք և այլն), ինչպես նաև լճեր, ջրվեժներ, աղբյուրներ։

Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Մոտ 200 կմ շրջանագծով լեռնազանգվածի գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճեր և լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի, Արքայական, Հորթախեղդ, Ումրոյ,  Աստղկան, Ռապի,   Կուրաղբյուր, Եղնալիճ, Մթնալիճ, Սայլալիճ, Քառասունք լճեր և այլն)։ Լճերից ամենամեծերն են Քարի և Ումրոյի լճերը։ Կան նաև ջրվեժներ, որոնցից ամենամեծը Գեղարոտի ջրվեժն է։

Լճերից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և գտնվում է 3200 մ բարձրության վրա է։ Լճին առանձին հմայք են  հաղորդում շրջակա ալպյան մարգագետիները, բազմագույն ծաղիկները, լեռնային մաքուր օդը և Արագածի ձյունափայլ գագաթի մերձակցությունը։

Ճոխ բուսականությամբ ծածկված հիասքանչ գետահովիտներով ու ձորակներով հոսող գետերը տեղ-տեղ առաջացնում են ջրվեժներ ու սահանքներ։

Արագած լեռան հետ կապված մի ավանդություն կա, ըստ որի՝  հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր վաղ առավոտյան արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ, արթնանալով, նրանք հակառակ իրենց սովորության,  մոռանում են գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված, դա տեսնելով, բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը (Մեծ Մասիսից, Սեբելանից և Սիփանից հետո) Արագածն է։

 

Արագածի մեղմաթեք լանջերը շատ ջրառատ են, բերրի, ծածկված են ալպյան մարգագետիններով, արոտավայրերով։ Այս տեսակետից Արագածը Մասիսի հակոտնյան է։ Իզուր չէ ժողովուրդը պատմում հետևյալ ավանդությունը.  «Ժամանակին Մասիսն ու Արագածը իրար սիրող քույրեր են լինում։ Մի օր, սակայն,  նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը՝ փորձելով  հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին է անիծում, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ»։