Արմաղանի լիճը գտնվում է Հայաստանում, Գեղարքունիքի մարզում, Գեղամա լեռնաշղթայում, Արմաղան լեռնագագաթի խառնարանում, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։ Լճակի մակերեսը կազմում է մոտ 2 հա, խորությունը՝ 2.5 մ: Լճի տրամագիծը 50 մ է: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում (ցանկում ներառված է 2008 թ-ից):
Արմաղան լեռը, որը հայտնի է նաև այլ անուններով՝ Աբգելսար, Աբդըլասար, Աբդլասար, Արգուլլանսար, Աբդուլնասար, Աբդուլհիսար, Աղմաղան, Մաղմաղան, հրաբխային լեռնագագաթ է Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճից հարավ-արևմուտք, Արգիճի գետահովտից հյուսիս, Գեղամա և Վարդենիսի լեռնաշղթաների սահմանագլխին։ Լեռան բարձրությունը 2829 մ է։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որն ունի 400 մ տրամագիծ և 50 մ խորություն, որը մասամբ լցված է ջրով։
2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի ավերակների տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Տեղանքի հետ կապված գոյություն ունի մի ավանդազրույց, ըստ որի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են լճից ջուր խմելու և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։
Արմաղանի խառնարանային լճում լողալ խորհուրդ չի տրվում, քանի որ հատակը պատված է տիղմի հաստ շերտով, որն առաջին հայացքից չի երևում։
Արմաղանի գոգավորությունում առաջացած լիճը տարբեր տարիների ընթացքում (հիմնականում երաշտ տարիներին) հաճախակի է ցամաքում, սակայն վերականգնվում է ձնհալի կամ առատ տեղումների ժամանակ։
Լիճը շրջապատված է ալպիական բուսածածկով։
Լիճ կարելի է հասնել երկու ճանապարհով՝
- ոտքով (քայլարշավը սկսում է Մադինա գյուղից, քայլարշավի երկկողմանի երկարությունը 11 կմ է)
- ամենագնացով կամ բեռնատարով
Լուսանկարը՝ Գոռ Մինասյանի