Աշտարակ քաղաքի հյուսիս արևելյան բարձրադիր մասում պահպանվել է 7-րդ դարի Սուրբ Կարմրավոր եկեղեցին: Այն խաչաձև կենտրոնագմբեթ հատակագծային հորինվածքով փոքր, միախորան եկեղեցիների իր ենթախմբում առավել անաղարտ պահպանվածն է: Չնայած փոքր չափերին, շնորհիվ բարձրադիր տեղադրության, իշխում է բնակավայրի համայնապատկերում: Կառուցման մասին մատենագրական տեղեկություններ չկան: Բոլոր պատերը շրջանագծող, միատող, ամբողջովին անվերծանելի արձանագրությունը, որում հիշատակված է Աշտարակ գյուղաքաղաքի Գրեգոր քահանայի որդի Դավթի անունը, չի օգնում ճշտորեն որոշել կառուցան ժամանակը: Ճարտարապետական համալիրի կառուցման սկզբունքները, վերջիններիս հատկանիշների վերլուծությունը հուշարձանի թվագրությունը տանում են մինչև 7-րդ դարի կես: Խաչաձև հատակագծում ներսի խաչաթևերը, բացի արևելյանից, ուղղանկյուն են, ընդ որում արևմտյանն ավելի խորն է մյուսների համեմատությամբ: Բոլոր խաչաթևերն էլ դրսից ուղղանկյուն են:
Ներքին հորինվածքում` խաչաթևերի հպման անկյուններում, տեղավորված են մեկական կիսասյուներ, որոնք իրար են միացված կամարներով` կենտրոնում առաջացնելով գմբեթատակ քառակուսի, որից անցումը դեպի ութանիստ գմբեթի թմբուկն ու գմբեթի օղակաձև հիմքը կատարված է 7-րդ դարում լայն տարածում ունեցող տրոմպերի երկշարք համակարգերի միջոցով:
7-րդ դարին պատկանելու առավել անվիճելի ապացույցը հուշարձանի կտուրին ու սֆերիկ գմբեթի վրա համարյա անվնաս պահպանված կղմինդրածածկն է, որպիսին այդ դարաշրջանի հուշարձաններում քիչ է հանդիպում: Ներսի պատերին կիսաշաղախ ծեփը ծածկված է եղել հուշարձանի կառուցմանը ժամանակակից որմնանկարներով, որոնցից պահպանվել են առանձին հատվածներ: Վերջին տարիներին հայ և իտալացի վերականգնող մասնագետների համատեղ ջանքերով վերականգնվել են խորանի որմնանկարները, ինչի շնորհիվ այժմ տեսանելի են տասը խոշոր սրբապատկերներ, որոնք, ըստ վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի 7-րդ դարին բնորոշ թեմատիկաներ են և ի ցույց են դնում ժամանակաշրջանի նկարազարդման բարձր արվեստը: Ըստ վերականգնող մասնագետ Քրիստին Լամուղեի 8 կամ 9-րդ դարում սրբապատկերների դեմքերն ու ձեռքերը, ցավոք, վնասվել են: Խորանի որմնանկարների շարքը երկրաչափական որմնազարդ քիվով բաժանվում է երկու մասի, որի մի կողմում ամբողջ հասակով երկու, իսկ մյուսում երեք սրբապատկերներ են: Գմբեթարդը կենտրոնական մասում զարդարված է Քրիստոսը փառքի մեջ որմնանկարով, որի կողքերին մեկական քառաթև քերովբեներ են: Գմբեթարդի կամարակապին տեղադրված են Մարիամ Աստվածածնի և Սուրբ Հովհաննես Մկրտչի որմնապատկերները: Եկեղեցու հյուսիս արևմտյան պատին պատկերված է Սուրբ Գևորգ զորավարը` հարվածի պատրաստ թրով, իսկ հարավ արևմտյան պատին` մանուկը փեռքին և նետը ձեռքին Սուրբ Սարգիս զորավարը: