Այղր լիճը գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Արարատյան դաշտում, Երևանից 30 կմ հեռավորության վրա՝ ծովի մակարդակից 970 մ բարձրության վրա: Այղր, Հայաստանի ամենացածրադիր լիճն է։ Լճի մակերեսը 7,2 հա է, առավելագույն խորությունը 10 մ: Լճից սկիզբ է առնում Մեծամոր (Սևաջուր) գետը: Լճի առանձնահատկությունը նրանում է, որ այն սնվում է ստորերկրյա ջրերից, դրա համար էլ ունի սառը, պարզ և շատ անուշահամ ջուր: Ենթադրվում է, որ Այղր լիճը Արաքսի հին հունի մի հատվածն է։ Լիճն ամբողջովին շրջապատված է սոսու, կաղնու և բարդու անտառով: Այն ավելի գրավիչ է հատկապես Արարատյան դաշտի շոգ ամռանը, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 36-38 աստիճան լիճը իր սառնորակ ջրով և հիասքանչ լողափերով դառնում է իդեալական հանգստի դրախտային վայր:
Գոյություն ունի լճի պատմական անվանման ծագման շուրջ երկու ավանդապատում․
Ըստ առաջինի՝ մի անգամ հովիվը այծի ետևից նետում է գավազանը, որն ընկնում է Արագածի գագաթին գտնվող լճի մեջ։ Մինչև նա մոտենում է լճին՝ տեսնում է, որ գավազանն անհայտացել է։ Մի շաբաթից, ոչխարները դաշտ իջեցնելիս, հովիվն իր գավազանը տեսնում է լճում։ Շալակում է մի ջվալ դարման, բաձրանում Արագածի վրա և դարմանը դատարկում այնտեղի լճի մեջ։ Երկու օր անց հովիվը դարմանի հետքը գտնում է Մեծամորի լճում՝ Այղր գյոլում։
Ըստ մյուս ավանդության՝ այս լիճը լիքն է հրեղեն ձիերով, սպիտակ գոմեշներով, մարդաձկներով և ուրիշ կենդանիներով։ Հրեղեն ձիերի ցեղիցն է նաև Քյոռ-օղլու թևավոր Ղռաթը։ Խառատ՝ հյուսն Մուրատը ականատես է եղել, որ երբ Քյոռ-օղլու մատակ ձին արածելիս է եղել Մեծամորի ափին, մի հրեղեն սպիտակ որձ ձի՝ այղր դուրս է եկել լճից, թռել մատակի վրա և նորից մտել ջրի հատակը։ Դրանից հետո լիճը կոչվել է Այղր-գյոլ: