Արա լեռան ստորոտում` Երևանից 12կմ հյուսիս-արևմուտք է գտնվում Եղվարդը` որպես բնակավայր հայտնի է հնագույն ժամանակներից: Բնակավայրի հնության վկայությունն է V դարի եկեղեցին, որից պահպանվել է միայն ստորին մասը: Պատմական աղբյուրներում Եղվարդը հիշատակվում է VI դարից սկսած: Հնում քաղաքը հայտնի էր որպես գրչության կենտրոն և հայ ժողովրդին տվել է երկու կաթողիկոս` Մաշտոց և Մովսես Եղիվարդեցիներ:
Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու 1000-ամյակի առթիվ Եղվարդի կենտրոնական հատվածում կառուցվել է Սուրբ Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին: Այստեղ է թաղված եկեղեցու շինարարության նախաձեռնող Ազիզբեկ իշխանի որդին: Շինարարական աշխատանքներն սկսվել են 1301թ.: Ըստ շինարարական արձանագրության, այն ավարտվել է 1321թ.: Եկեղեցին նախ կոչվել է Սուրբ Առաքելոց, ապա Սուրբ Խաչ, Սուրբ Նշան, այնուհետև միայն Սուրբ Աստվածածին: Շահիկ վարպետի կառուցած Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին իր արտաքին հորինվածքով նման է Նորավանքի Մոմիկ վարպետի կառուցած Բուրթելաշեն եկեղեցուն:
Ի տարբերություն նորավանքի Եղվարդի եկեղեցի տանող աստիճանները ոչ թե քարից էին, այլ փայտյա, աստիճաններով: Եկեղեցու առաջին հարկը քառանկյուն է` արևմտյան մուտքով, ունի հարուստ արտաքին հարդարանք: Առաջին հարկը զարդագոտիով առանձնանում է զարդաքանդակների ճոխությամբ առանձնակի հարուստ երկրորդ հարկաբաժնից: Եկեղեցին ավարտվում է տասներկու սյունանոց զանգակատան գմբեթով: Աղոթատան չորս կողմը կենդանակերպ քանդակներ են, յուրաքանչյուր կողմում կան բովանդակային-սյուժետային քանդակներ: Առավել գեղաքանդակ է արևմտյան ճակատը: Այստեղ Աստվածածնի ու սրբերի բարձրաքանդակներն են:
1960-ական թվականներին եկեղեցին վերանորոգվել է, փոխվել են զանգակատան սյուները, կառույցը հիմնանորոգվել է: