Եզդիականության բնօրրանը և եզդիների պատմական հայրենիքն է համարվում Հյուսիսային Իրաքում գտնվող Լալիշի կիրճը: Այդտեղ է գտնվում եզդիական կրոնի կենտրոնական սրբատեղին և գլխավոր տաճարը, որտեղ թաղված է Շեյխ Ադին: Եզդիների կրոնական աշխարհընկալման մեջ «Լալիշի կիրճ» և «գլխավոր տաճար» հասկացություններն անբաժան են: Ըստ ավանդության՝ ի սկզբանե Լալիշը գտնվել է երկնքում, հետո Աստված այն իջեցրել է ներքև ու արարել աշխարհը: Այսպիսով՝ եզդիների կրոնական ընկալումներում Լալիշը հանդես է գալիս որպես «աշխարհի կենտրոն»: Բացի գլխավոր տաճարից՝ եզդիների համար սրբավայր և ուխտատեղի են համարվում սրբերի շիրիմները, մատուռները և եզդիականության բնօրրանում ու դրանից դուրս գտնվող եզդի հոգևորականների տները, Հյուսիսային Իրաքում մի շարք եզդի սրբերի շիրիմների վրա կառուցած մատուռները, որոնց վերագրում են տարբեր հիվանդություններ բուժելու զորություն: Եզդիների կրոնում ընդունված չի եղել Լալիշից դուրս սրբավայրեր ու տաճարներ կառուցելը. երկար ժամանակ եզդիականության բնօրրանից դուրս սրբատեղիներ չեն ստեղծվել: Վերջին տասնամյակների ընթացքում, սակայն, այդ սովորույթը վերափոխվում է: Օրինակ, ոչ վաղ անցյալում Հայաստանում, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում, կառուցվեց եզդիական Զիարատ տաճար: Դրա բացմանը 2019 թ.-ին սեպտեմբերի 29-ին ներկա էր նաև եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թահսին Բեգը, որն այդ օրը հռչակեց դեպի Զիարատ ուխտագնացության օր:
Տաճարը կոչվում է Տաուսե Մալակի (սիրամարգ) և 7 հրեշտակների տաճար: Այն իրենից ներկայացնում է 7 գմբեթանի վեհաշուք կոթող: Հավանաբար գմբեթները հրեշտակներն են, իսկ մեծ գմբեթը հենց սիրամարգը։ Մինչ այդ կառուցված բոլոր եզդիական տաճարները միագմբեթ են. և՛ Լալեշի սրբավայրում գտնվողը, և՛ նույն Ակնալճի 2012 թվականի Սլթան Էզդին, նաև Թիֆլիսում գտնվողը։ Այստեղ 7 գմբեթները ճարտարապետական վեհաշուք տեսք հաղորդելու ու 7 հրեշտակների սիմվոլիկան շեշտելու նպատակ ունեն։ Այն ներկայումս ամենամեծ եզդիական տաճարն է աշխարհում:
Տաճարի կառուցումից հետո եզդիներն իրենց ծիսակարգերը կատարում են այստեղ, օրհնություն ստանում Սրբից: Հրեշտակապետը սիրամարգի տեսքով է պատկերված: Տաուսե Մալակի տաճար մտնում են բոբիկ և նախ խոնարհվում: «Տաուսե Մալակի» ասելիս եզդի տղամարդիկ ձեռքերը բարձրացնում են երկինք ու շոյում ծնոտը՝ այս կերպ փառաբանելով Հրեշտակապետին:
Եզդիների համար սրբավայրի դեր են կատարում նաև եզդիականության բնօրրանում և դրանից դուրս գտնվող եզդի հոգևորականների տները, որտեղ պահվում են սրբություններ և պաշտամունքի առարկաներ: Մուսուլմանների կողմից բռնությունների և կոտորածների ենթարկվելու պատճառով XVI-XVII դարերում եզդիների մի մասը Լալիշից տեղափոխվել էր Սինջար: Հետագայում եզդիները նորից դաժան հալածանքների ենթարկվեցին Օսմանյան կայսրությունում, ինչի հետևանքով նրանց մի մասը դուրս եկավ Լալիշից ու Սինջարից և բնակություն հաստատեց այլ վայրերում ևս: 1923 թվականին Լոզանի պայմանագրի կնքումից և Մերձավոր Արևելքում մի շարք նոր պետությունների և նոր պետական սահմանների ի հայտ գալուց հետո տարբեր եզդիական համայնքներ հայտնվեցին տարբեր պետությունների՝ Իրաքի, Թուրքիայի, Սիրիայի, Խորհրդային Հայաստանի տարածքում: Թուրքիայի տարածքում ապրող եզդիների մեծ մասը XIX-XX դարերում գաղթեց և բնակություն հաստատեց ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում ու Վրաստանում: Եզդիների մի ստվար զանգված ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում էր բնակվում դեռևս XIX դարից: Ներկայումս բազմաթիվ եզդիներ են բնակվում նաև Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Սիրիայում, Ռուսաստանում, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ի տարածքում և Ավստրալիայում:
Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրն ընդգրկում է 5 հուշարձան, այդ թվում՝ «Եզդիների Սրբատեղին՝ Զիարատը։ Տաուսե Մալակի և 7 հրեշտակների տաճարի կառուցմամբ այս վայրը դարձավ եզդիների հոգևոր կենտրոն` երկրում ամրապնդելով եզդիական համայնքի անխաթար հոգևոր-մշակութային կյանքի իրավունքը: