Հառիճավանքը հայկական ճարտարապետության յուրահատուկ ու հետաքրքիր համալիրներից է: Համալիրը Կոմիտասի սիրելի վայրերից է եղել, որտեղ նա հանգստացել ու ստեղծագործել է: Որոշ աղբյուրների վկայությամբ հենց այս վանական համալիրում է վարդապետը ստեղծել իր առաջին մեծ երգչախումբը:

Վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղում: Գյուղը նախկինում կոչվել է Ղպչաղ, իսկ համալիրը` Ղպչաղավանք: Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, երկու մատուռներից, դպրատնից և պարսպաշարից:

Վանական համալիրը կառուցվել է 7-13-րդ դարերում: Հնագույն կառույցը Սբ. Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որը չունի կառուցման ստույգ թվական, սակայն ճարտարապետական առանձնահատկությունները, անվերապահորեն, թվագրությունը տանում են 7-րդ դար:

Կենտրոնագմբեթ, ներքուստ և արտաքուստ խաչաձև, խաչաթևերը արտաքուստ հնգանիստ հորինվածքով եկեղեցի է: Սկզբնապես ավանդատներ չի ունեցել, դրանք հավելվել են հետագայում` մեկը արևելյան աբսիդի հարավային, իսկ մյուսը հարավային աբսիդի արևմտյան կողմից:

Հառիճավանքի գլխավոր եկեղեցուն կից ժամատուն կառուցելու ժամանակ Սբ. Գրիգոր եկեղեցու հյուսիսային աբսիդի ծավալն ամբողջությամբ ընդգրկվել է ժամատան մեջ ու այդ կապակցությամբ Սբ. Գրիգոր եկեղեցու աղոթասրահի անկյունում մի փոքրիկ մուտք է բացվել` ժամատան հետ հաղորդակցվելու համար: Հիմնական մուտքը արևմտյան կողմից է, որի վրա հավելվել է նաև մի զանգակատուն: Սբ. Գրիգոր եկեղեցին բազմիցս ենթարկվել է վերանորոգումների, որոնց ընթացքում աղավաղվել է գմբեթի հնամենի ձևը:

11-րդ դարում վանական համալիրը ավերվել է Սելջուկ թուրքերի կողմից և վերականգնվել է միայն երկու դար անց: Զաքարե Ամիրսպասալարը, գնելով Հառիճ գյուղը, ձեռնարկել է Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցու շինարարությունը, որն, ըստ շինարարական արձանագրության, ավարտվել է 1201թ: Նույն արձանագրությունը վկայում է նաև վանական համալիրի պարսպի շինարարության մասին:

Հառիճավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կրկնում է 11-12-րդ դարերում Հայաստանում տարածված գմբեթավոր դահլիճ տիպի ճարտարապետական հորինվածքը: Եկեղեցին աչքի է ընկնում իր արտաքին հարդարանքի համեստությամբ, հայկական խորշերի յուրահատուկ մշակմամբ: Արտաքինից պրոֆիլավոր հորիզոնական գոտին, շրջանցելով եռանկյունաձև հատույթի խորշերն ու պատուհանները, կառույցի հիմնական ծավալը երկու մասի է բաժանում։ Եկեղեցին պսակվում է քսան նիստ ունեցող թմբուկով։ Այն ջլատված է որմնասյուներով և վարդյակների շարքով, ինչը թեթևություն ու վերասլացություն է հաղորդում նրան։

Սուրբ Աստվածածին եկեղեցու հովհարաձև վեղարով գմբեթը, մշակման նոր աստիճանի է հասցված քանդակազարդ վարդյակների շնորհիվ, որոնք յուրատեսակ գոտի են ստեղծում գմբեթի շուրջը։

13-րդ դարում իշխան Վահրամ Հեճուպը 13-րդ դարի սկզբին  Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կառուցել է գավիթ:

Վանքի դպրատնից մի փոքր հատված է պահպանվել: Դպրատնից հարավ արևմուտք անմատչելի, մենավոր ժայռի վրա գտնվում է ճգնավորի մատուռը: Վանքի տարածքից դուրս` գերեզմանատանը գտնվում են Սուրբ Հարություն եկեղեցու ավերակները:

Վանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր, մշակութային կենտրոններից էր: Վանքի դպրոցը գործել է 7-րդ դարից: Պահպանված ձեռագիր մատեանները վկայում են, որ Հառիճավանքը եղել է նաև գրչության նշանավոր կենտրոն: Հատնի է ձռագիր մի ավատերան, որ 1209թ գրել, կազմել և ծաղկել է Մարգարեն, որից սակայն մեկ թերթ է հասել մեզ:

19-րդ դարի կեսերին Հառիճավանքի հոգևոր հռչակը վերականգնելու և  համալիրի կառույցները վերանորոգելու համար Գյումրիում բացվել է Հառիճավանքի հիմնադրամը: Հիմնադրամը բացի կառույցների հիմնահատակ նորոգումից, ձեռնարկել է նաև վանքի տարածքում կիսագիշերօթիկ դպրոցի վերաբացումը, որը հետագայում վերանվանվել է Հառիճավանքի հոգևոր դպրոց` հետագայում դառնալով Գևորգյան ճեմարանի նախապատրաստական բաժանմունք: Այս դպրոցում է սովորել նաև Ավետիք Իսահակյանը: 1870-ական թվականների համալիրի տարածքը համալրվել է տնտեսական նշանակության օժանդակ շինություններով: 1886թ Սուրբ Գրիգոր եկեղեցուն կից կառուցվել է նաև զանգակատուն: 1915թ վանքում հոգևոր ու մշակութային կյանքը միառժամանակ կանգ է առնում: Խորհրդային միության տարիներին վանական համալիրը չի գործում:

Վանական համալիրի ներկայիս զարթոնքը վերաբերում է 2000-ական թվականներին: 2012 թվականից  վանական համալիրի տարածքում գործում է Թրբանճյան ընծայարանը, որտեղ կրթությունը կազմակերպվում է ՀՀ ավագ դպրոցի առարկայական չափանիշների համաձայն: