Հավուց Թառ վանքը, որ հայտնի է եղել նաև ամենափրկիչ Հավոց Թառ անվամբ, նախկինում գտնվել է Մեծ Հայքի Մազազ գավառում: Ներկայիս Կոտայքի մարզոմ Գառնիից արևելք, Ազատ գետի ափին լեռան լանջին: Վանքը եղել է միջնադարյան Հայաստանի կրթության ու գրչության կարևոր կենտրոններից մեկը: Վաղ միջնադարում հիմնադրված Հավուց Թառ վանքում, ըստ Մխիթար Այրիվանեցու, մոտակա Քեղվա բերդի իշխան Գևորգը` հավաբանար Գևորգ Մարզպետունին, եկեղեցի է կառուցել:
XI դարում Հավուց Թառ վանական համալիրում է պահվել հայ եկեղեցու նշանավոր սրբություններից մեկը` Քրիստոսին խաչից իջեցնելու տեսարանը պատկերող Սուրբ Ամենափրկիչ կոչվող փայտակերտ սրբապատկերը: Այստեղից էլ վանքի երկրորդ անունը` Ամենափրկիչ Հավուց Թաղ:
1031թ. Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, ըստ շինարարական արձանագրության, վերստին կառուցել է Հավուց Թառի եկեղեցին և կրկին միաբանություն հաստատել: Վանքը, XII-XIV դարերում ստանալով բազում նվիրատվություններ, մեծ վերելք է ապրել: 1213թ վանքի հարավ-արևելյան կողմում կառուցվել է Սբ. Կարապետ մատուռը:
1679թ. համալիրն ավերվել է երկրաշարժից: XVIII դարի սկզբին կաթողիկոս Աստվածատուր Առաջին Համադանցին նորոգել է վանքը, կառուցել պարիսպներն ու բնակելի օժանդակ շինությունները: XVIII դարի սկզբին քառասյուն ժամատան ավերակի վրա սկսվել է կառուցվել Սբ. Կարապետ գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին, որն անավարտ է մնացել լեզգիական արշավանքների պատճառով: 1755թ վանքը լքվել է, իսկ Սբ. Աստվածածինը տեղափոխվել է Էջմիածին:
Վանքը հարուստ է արձանագրություններով: Մինչև 1294թ. վանքում է պահվել հայկական հնագույն ձեռագրերից մեկը` Վեհամոր ավետարանը, որը թվագրվում է VII դարով: Այնուհետև տեղափոխվել է Արցախ, իսկ այժմ պահվում է Մատենադարանում:
Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի