Ղազար Առաջին Ջահկեցի կաթողիկոսի գրի առած ավանդույթը պատմում է, որ Հայրավանքը մի հրաշագործ շինություն է, որտեղ հազարավոր կյանքեր են փրկվել: Երբ արյուրանրբու Լենկ Թեմուրը 1381թ գրավում է Գեղարքունիքը, Հայրավանքի վանահայր Հովհանի հրաշագործություններից ոգևորված, նրան մեկ ցանկության հնարավորություն է տալիս: Վարդապետը խնդրում է կյանքը բոլոր նրանց համար, ովքեր կտեղավորվեն Հայրավանքի պատերից ներս: Լենկ Թեմուրին  սա դժվար իրագործելի չի թվում: Հազարավորներով մարդիկ հերթ են կանգնում ու հերթով մտնում վանքը: Լենկ Թեմուրին սա կասկածելի է թվում: Որոշում է պարզել տարօրինակ երևույթի պատճառը: Կյանքում ամեն բան տեսած զորավարը աչքերին չի հավատում: Քրիստոսի Խաչափայտի զորությամբ, որն  այդ ժամանակ գտնվում էր Հայրավանքում, Հովհան վարդապետը աղավնիների է վերածում վանք մտած մարդկանց, որոնք վանքի պատուհանից դուրս են թռչում ու ազատություն ստանում: Այս ավանդազրույցի պատվին համալիրը հաճախ կոչվում է նաև մարդաղավնյաց վանք:

Համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևմտյան եզրին: Ավանդույթի համաձայն վանքը դեռևս IV դարից սրբատեղի է եղել: Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից վերադառնալիս  նախ հիմնել է Գանձասարի վանքը` այնտեղ թողնելով Հովհաննես Մկրտչի մասունքներից: Երբ հասել է Գեղամա Ծովի այս վայրը,  նրան ուղեկցող վարդապետներից մեկը նրան խնդրել է ճգնության համար իրեն այստեղ թողնել: Ըստ ավանդության, Լուսավորիչը  Քրիստոսի Խաչափայտի մասունքը հանձնում է վարդապետին և հանձնարարում կառուցումից հետո դնել աղոթատանը: Աղոթատան հիմքերն այսօր էլ պահպանված են: IX դարում տեղանքը Մարիամ իշխանուհու ուշադրությանն է արժանանում: Ի շարս այս տարածքում կառուցած այլ վանքերի, IX դարում Մարիամ իշխանուհու միջոցներով կառուցվում է նաև Հայրավանքի Սուրբ Ստեփանոս եկեղցեցին: Կենտրոնագմբեթ, խաչաձև հատակագծով այս կառույցի միայն անկյուններն ու շաղկապող մասերն են սրբատաշ քարերով կառուցված, մնացածը կոպտատաշ բազալտից են: Եկեղեցու վաղագույն արձանագրությունը վերաբերում է  1211թ. և խոսում է վերանորոգումների ու նվիրատվությունների մասին: Միջնադարի հայ ճարտարապետության վեհաշուք կոթողներից է համարվում երդիկավոր երկսյուն գավիթը, ութանիստ, շթաքարեզարդ գմբեթը ներսից երեսպատված է սև և կարմիր, շեղադիր տուֆաքարերով: Արձանագրություններից երևում է, որ այն կառուցվել է Ներսես և Հովասափ առաջնորդների կողմից: Գմբեթը կործանվել է XIX   դարի վերջին: Հնում վանական համալիրները փակ են եղել հասարակ ժողովրդի համար, որպեսզի ճգնավորներին չկտրեն իրենց գործից: Վանքերը տարվա մեջ միայն եկեղեցական տոների ժամանակ ու տվյալ վանքի ուխտի օրն էին բաց հավատացյալների համար: Այդպես է եղել նաև Հայրավանքը: Այն եղել է իր ժամանակի հարուստ վանքերից մեկը, ունեցել է մանրանկարչության դպրոց, այստեղ է պահվել նաև հայտնի խաչափայտի մասունքը մինչև  XIX    դար, ունեցել է մինչև 500 միաբաններ:

 

Հայրավանքը հիշատակվում XVIII դարի հայ ականվոր մտածող Սիմեոն Երևանցու աշխատություններից մեկում` որպես կարողություններ ունեցող ու Մայր Աթոռին տասանորդ վճարող միաբանություն: XIX     դարում վանքը անհայտ պատճառներով լքվում է, իսկ Խաչափայտի մասունքը տեղափոխվում է Սևանավանք: 1980-ական թվականներին պետական միջոցներով վանքը նորոգվել է: 2005-2006թթ վանքում կրկին հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել, հատկապես նորոգվել է ծածկը, տեղադրվել է սուրբ սեղանը, նորոգվել է վանքի շրջակայքը:

Լուսանկարը՝ Ալեքսանդր Նաումովի