Արագածոտնի մարզի Քասխի կիրճում` գեղատեսիլ քարափի եզրին է գտնվում Հովհաննավանքը: Ըստ ավանդության այն հիմնել է Գրիգոր լուսավորիչը IV-րդ դարում` Հովհաննես Մկրտչի մասունքների վրա:

Հովհաննավանքը մեր  մատենագիտության մեջ հանդիպում է մի քանի անուններով՝ սուրբ Կարապետի վանք, սուրբ Իոհանի անապատ, Օհանավանք, Հոգանավանաց անապատ: Ի սկզբանե, սակայն, կոչվել է Սյուղի վանք: Ըստ պատմիչի, Լուսավորիչն իր կենդանության օրոք իր աշակերտներից մեկին՝ ոմն Սյուղիոսի վանքի հայր և վերակացու է կարգում, ում անունով էլ համալիրը կոչվել է Սյուղի վանք:

Սյուղիոսից հետո վանահայրերի ցանկում նշվում է  մարզպան Վահան Մամիկոնյանի կողմից վանքի վանահայր  կարգված Ղազար Փարպեցին՝ 5-րդ դարի մեծանուն մատենագիրը, վանքի դպրապետն ու թարգմանիչը, ով  հենց Հովհաննավանքում էլ գրել է իր հռչակավոր «Պատմություն հայոց» աշխատությունը, որն անգնահատելի աղբյուր է մեր և դրացի ժողովուրդների պատմության:

Վանական համալիրի պահպանված արձանագրություններից գրեթե բոլորը նվիրատվական բնույթի են՝ հիմնականում վերաբերելով Վաչուտյանների կատարած նվիրատվություններին: Նվիրատվական և տոհմաբանական արձանագրությունների թիվը հասնում է մոտավորապես 100-ի:

Հնագույն պաշտամունքային կառույցը IV-րդ դարում կառուցված և զգալի փոփոխություններով մեր օրերին հասած բազիլիկն է (հունարեն՝ թագավորական տուն): Աշոտ Դվինեցու կառուցած քարե թաղը անփոփոխ պահպանվեց մինչև XVII-րդ դարի կեսերը, երբ Զաքարիա Վաղարշապատցին Նոր Ջուղայի մեծահարուստների օգնությամբ երկու տարվա ընթացքում նորոգեց բոլոր եկեղեցիները:

Հովհաննավանքի Կաթողիկե եկեղեցին կենտրոնագմբեթ է և կառուցվել է 1216թ., կառուցումը տևել է 5 տարի՝ ավարտվելով 1221թ.: Այն կառուցվել է Արարատյան կողմնակալության (իշխանության, կուսակալության) իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կնոջ՝ Հասանի դուստր Սամախաթունի հովանավորությամբ:

Կաթողիկե եկեղեցին ներքուստ խաչաձև է՝ չորս անկյուններում տեղակայված երկհարկ ավանդատներով: Արևելյան կողմի առաջին հարկի ավանդատների մուտքերը ճակատային հատվածից են, իսկ վերին հարկի մուտքերը բացվում են ավագ խորանի միջից: Արևմտյան կողմի ավանդատների առաջին հարկի դռները շքամուտքի աջ և ձախ կողմերից են, իսկ երկրորդ հարկի մուտքերը գտնվում են դրանց վերևում, որտեղ կարելի է բարձրանալ քարե 11 աստիճաններով:

Մոտ 430 տարի բացարձակապես անփոփոխ մնալով՝ Կաթողիկեն 1652թ. Զաքարիա Վաղարշապատցու ջանքերով նորոգվեց. խոսքը ծածկի սալաքարերի և քանդված մասերի մասին է, այսինքն՝ կառուցվածքային լուրջ փոփոխություններ չի կրել: 1669թ. երկրաշարժից Կաթողիկեն չի փուզվել, սակայն գմբեթը վտանգավոր ճաքեր ստացավ: 1682թ. վանահայր Սարգիս Կարբեցու օրոք նորոգվում է այս գմբեթը և թմբուկի ստորին շարքերի վրա դրվում վեղարը:

1918թ., երբ արդեն լիովին ամայացել էր Հովհաննավանքը, ամեհի երկրաշարժը ամբողջությամբ քանդում է Կաթողիկեի գմբեթն ու ծածկը, ինչպես և հարավային պատի զգալի մասն ու արևելյան պատի մի մասը, ճաքեր է առաջացնում նաև գավթի կրող կառույցներում: Կաթողիկեի հարավային պատի մեջ զետեղված է Վաչուտյանների տոհմական զինանշանը (արծիվ՝ ճանկերում աղավնի):

1247-1250թթ. Վաչե Վաչուտյանի որդի Քուրդ իշխանի և Մկրտիչ վանահոր օրոք է կառուցվել եկեղեցու գավիթը՝ արևմտյան պատին կից, երկու եկեղեցիների մուտքերի ընդգրկմամբ: 

Հովհաննավանքի գավթի 4 միակտոր հսկա սյուները կամարներով կապվում են իրար և հանդիպակաց պատերի որմնասյուների հետ ներքին տարածքը բաժանում կենտրոնական մեծ և եզրային 8 փոքր քառակուսի հատվածների: Կենտրոնական մասը պսակված է երդիկավոր 12 սյուների առաջ ռոտոնդա-զանգաշտարակով՝ սյուների վրա տեղադրված բոլորակ հատակագիծ ունեցող գմբեթով պսակված կենտրոնակազմ կառույցով, որը Հայաստանում նմանատիպ կառուցվածքների շարքում իր տեսակի մեջ եզակի է, քանի որ ունի ամենամեծ երդիկը (6.5 մետր տրամագիծ):

Չափազանց  ինքնատիպ ու հետաքրքիր է գավթի արևմտյան ճակատը, որի կենտրոնում շքամուտքն է, որից վեր շթաքարեզարդ կամարի մեջ ներառած խոյազարդ միջնասյունով լուսամուտը, որը շքամուտքի շարունակությունն է կազմում: Շքամուտքը հարդարված է դռան բացվածքը երիզող կամարակապ որմնասյուներով, որն ամփոփված է քառանկյուն քանդակազարդ շրջանակի մեջ: Մակերեսի զարդաքանդակները պատկերում են շրջանակներից կազմված հավասարաթև խաչեր:

Գավթի ներսում բարձր պատվանդանների վրա, երբեմն էլ պատերի մեջ հագցրած են մի քանի գեղաքանդակ խաչքարեր՝ բոլորն էլ XIII դարով թվագրված: Սրանցից մի քանիսը արվեստի գլուխգործոցներ են՝ ասեղնագործ ժանյակի նմանություն ունեն, որի մեջ քարը կորցնում է իր նյութականությունը: Խաչքարերն իրենց գլխավոր տարրերով՝ խաչով, հյուսկեն բուսական և երկրաչափական զարդաքանդակներով, վարդյակով, քիվով, Խաչյալի՝ Հիսուս Քրիստոսի, Կենաց ծառի, խոստացյալ երանության և փրկության խորհուրդն ունեն և իբրև պաշտամունքային նվիրական առարկա հայոց մեջ փոխարինել է սրբապատկերներին:

Գավթի հյուսիսային և բազիլիկի արևմտյան կողմում ևս մի կառույց կա, որը տարբեր ժամանակներում կառուցված երկու շինությունների համադրությամբ և անկանոն հատակագծով կառույց է: Հարավային պատը և ծածկը հիմնովին փոխվել են գավթի կառուցման ժամանակ, իսկ արևմտյան ու հյուսիսային պատերը անփոփոխ են մնացել, որտեղ էլ պահպանվել են արձանագրությունները, որոնցից հնագույնը թվագրվում է 1176 թվականով:

Վանական համալիրը օղակված է մի քանի մետր բարձրություն ունեցող կիսաքանդ պաշտպանական պարսպով՝ կիսաշրջան աշտարակներով հանդերձ: Պարիսպը կառուցվել է Կյուրիկյան վերջին վաղամեռիկ Աբաս թագավորի այրի Նանայի միջոցներով 1192թ.:  Կամարածածկ մուտքը գտնվում է պարսպի արևմտյան կողմում՝ երկու աշտարակների միջև:

1923թ. մենաստանը՝ իբրև պատմամշակութային մեծարժեք հուշարձան, խորհրդային իշխանության կողմից վերցվել է պետական պահպանության ներքո: 1938-1954թթ. ճարտարապետ Տոկարսկու գլխավորությամբ անցկացվել է ամրակայման և վերականգնման աշխատանքներ: 1993թ. ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի գլխավորությամբ ավարտվել է Կաթողիկեի ամբողջական վերականգնումը: 2001 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ վանքը Մայր Աթոռի տնօրինության ներքո է, իսկ կառույցները հիմնովին նորոգվել են:

Զաքարյա Սարկավագ պատմիչը, ով 14 տարի ապրել է վանքում, վկայում է, որ այստեղ է գտնվել Գրիգոր Լուսավորչի կողմից կանգնեցված խաչը, որը կանգուն է եղել մինչև XVII-րդ դար: Այժմ Հովհաննավանքի բակում է գտնվում այդ խաչի կրկնօրինակը, որը կառուցվել է ՌԴ Շախտայի շրջանի հայ համայնքի նվիրատվությամբ:

XIII-րդ դարում վանքի հայր ու վերակացու է նշանակվում Համազասպ եպիսկոպոս Մամիկոնյանը:Նրա պատվերով ընդօրինակվել են ձեռագրեր: Այսօր Մատենադարանում պահվող 17000 ձեռագրերից շուրջ 20-ն ընդօրինակվել են Հովհաննավանքում: Համազասպի օրոք Հովանավանքում գործել է դպրոց և գրադարան, որը նա մեծացրել է: XIV-րդ դարից վանքն արդեն Ամբերդ և Նիգ գավառների եպիսկոպոսանիստն է՝ ընդարձակ տիրույթներով:

XVII-րդ դարում մեծ թափով շինարարական աշխատանքներ են կատարվել, միաբանության հոգևոր, մշակութային և ուսումնակրթական կյանքը նոր վերելք է  ապրել: Մայրավանքի դպրատունը 1629 թվականից մինչև 1640թ. գտնվել է Հովհաննավանքում և ապա վերջնականապես հաստատվել սուրբ Էջմիածնում:

 

Հովհաննավանքը մեծ հռչակ է վայելել իբրև գրչության և ուսումնակրթական կենտրոն, ունեցել է ուսյալ վարդապետ վանահայրեր: XVIII -րդ դարում վանքն անկման շրջան է ապրում՝ կորցնելով իր կալվածքները՝ վիճակը, իսկ XIX-րդ դարում՝ շուրջ 1500-ամյա գործունեությունից հետո, լրիվ ամայանում է: