Խորանաշատի վանքը հյուսիսային Հայաստանի պատմական Տավուշ գավառի չորս համալիրներից մեկն է: Գտնվում է Շամշադինի շրջանի Չինարի գյուղի հյուսիս-արևելյան սահմաններում: Հիմնադրվել է XIII դարի սկզբին Հովհաննես վանականի ջանքերով: Այստեղ նրան աշակերտել են միջնադարի հոգևոր մշակույթի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Գրիգորիս Աղթամարեցին և ուրիշներ: Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, Սուրբ Կիրակի մատուռից, կենցաղային նշանակության շինություններից և երկու գերեզմանատներից:
Գլխավոր եկեղեցին հինվադրվել է 1211թ: Պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, սակայն հատակագծում հստակ արտահայտված քառակուսի է, իսկ գմբեթատակ քառակուսին` զգալի մեծ: Աղոթասրահի արևելյան կողմում կառուցված է այդ տիպի եկեղեցիների համար անսովոր լայն, 14 խորշերով մասնատված կիսաշրջան ավագ խորանը` երկու կողմերում կրկնահարկ ավանդատներով, իսկ արևմտյան կողմում` ուղղանկյուն խորշեր են: Մուտքերից գլխավորը բացվում է գավթի, մյուսը` հյուսիսային պատի մեջ:
Գավիթը արևմտյան կողմում կցված է եկեղեցուն և պատկանում է քառասյուն ժամատների տիպին` արևելյան անկյուններում ավանդատներով: Արտասովոր է արևմտյան պատի մասնատումը կիսաշրջան 12 խորշերով:
Ժամատան արտաքին, ընդհանուր առմամբ պարզ մշակված ճարտարապետության մեջ հարդարանքի հարուստ միջոցներով աչքի է ընկնում արևմտյան շքամուտքը: Սրա ձևավորման մեջ, բացի դարաշրջանին հատուկ ճարտարապետական միջոցներից, տեղ են գտել նաև կենդանիների բարձրաքանդակներ, որոնք ամփոփված են շքամուտքի բարավորի աջ և ձախ կողմերում: Կենդանակերպ քանդակներ կան նաև ժամատան ներսում` արևմտյան պատի վրա:
Սուրբ Կիրակի մատու-եկեղեցին կառուցված է գլխավորի հարավային կողմում: Աչքի է ընկնում հատկապես այս եկեղեցու գմբեթի սլացիկ թմբուկն իր վերձիգ ծավալով:
Համալիրի պարսպաշարից դուրս է գտնվում կիսավեր մի փոքրիկ եկեղեցի և միջնադարյան մի գերեզման, որը, ենթադրվում է, որ վանքի հիմնադիր Հովհաննես վանականի գերեզմանն է:
Խորանաշատը միջնադարյան վարդապետարան է եղել: Այստեղ գրվել ու ծաղկվել են բաղմաթիվ ձեռագրեր: 1224թ Խաղբակյան Ջաջուռ իշխանի դստեր` Վանենու, պատվերով Խորանաշատում գրվել և նկարազարդվել է Տաղշո կամ Խորանաշատի ավետարանը: Վանական վարդապետի թողած հիշատակարանի համաձայն մոնղոլները 1230-ական թվականներին թալանել են վանքը և որպես ավար տարել են նաև ձեռագրերը, այդ թվում և Խորանաշատի ավետարանը: Որոշ ժամանակ անց թիֆլիսահայերը իմացել են, որ մոնղոլները վաճառքի են հանել ավետարանը, հանգանակություն են կազմակերպել ու ավետարանը հայրենիք վերադարձրել: Ընդհանուր առմամբ մեզ է հասել Խորանաշատում գրված 10-12 ձեռագիր մատեան:
Խորանաշատի հռչակն ու համբավը մեծապես պայմանավորված է եղել հենց նրա հիմնադիր Վանական վարդապետի անվամբ ու գործունեությամբ: