Արթիկից մոտ մեկ կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, Սարալանջի գոգավորության մեջ տարածվում են Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկի` Լմբատավանք գյուղի ավերակների մնացորդները: Դրանց մեջ կանգուն վիճակում պահպանվում է Լմբատավանքի միակ եկեղեցին, որն արձանագրությունների մեջ կոչվում է Սուրբ Ստեփանոս կամ Սառնաղբյուրի Սուրբ Ստեփանոս: Դեռ հեռվից, ջինջ կապույտ երկնքի ֆոնի վրա երևում է մանուշակագույն տուֆաքարով կառուցված եկեղեցին: Պատմիչները ոչ մի հիշատակություն չեն թողել այս եկեղեցու մասին: Հայտնի չէ նաև, թե երբ է հիմնադրվել և ո՞վ է եղել կառուցողը: Որպես ճարտարապետական կաոուցվածք Լմբատավանքն արտահայտում է այն խիստ բնորոշ գծերը, որոնք հատուկ են հայ ճարտարապետության VII դարի նույնատիպ եկեղեցիներին: Հիշյալ ժամանակին են վերաբերում նաև եկեղեցու ներսի որմնանկարները: Հուշարձանի VII դարին պատկանելու հանգամանքով էլ ենթադըրվում է, որ այն կառուցել են Կամսարականները, որոնց սեփականությունն էր կազմում Շիրակը: Լմբատավանքի ամենահին արձանագրությունը վերաբերում է XI դարի աոաջին կեսին: Նրանում նշվում է, որ ոմն Կարապետ իր միջոցներով ջուր է բերել վանքը: Հավանաբար, վանքը հենց այդ ժամանակից էլ սկսում է կոչվել նաև Սառնաղբյուրի Սուրբ Ստեփանոս: 1191 թ. կրող մի այլ արձանագրության համաձայն՝ Տեր Բարսեղը փողով գնում է վանքը «անօրեններից», վերադարձնում, հնուց նրան պատկանող ջուրը և նվիրում Ցիցք գյուղը: Այդ արձանագրությունից կարելի է կռահել, որ Լմբատավանքը նույնպես, ինչպես Շիրակի մյուս վանքերը, ենթարկվել է սելջուկների ասպատակություններին և որոշ ժամանակ դարձել նրանց սեփականությունը: Նույն արձանագրությունից պարզվում է նաև, որ Լմբատավանքը մինչև սելջուկյան արշավանքները եղել է Պահլավունի իշխանական տան սեփականությունը (որը նրանք ժառանգել էին (Շիրակի նախկին տեր Կամսարականներից), սելջուկներից նետո նորից շարունակում է պատկանել Պահլավունիներին: Արձանագրության մեջ հիշատակված տեր Բարսեղը, ըստ այդ նույն արձաագրության, Վահրամ Պահլավունի իշխանի որդին էր և վանքի առաջնորդը: Երբ Զաքարյանները սելջուկներից մաքրեցին Հայաստանի հյուսիսային գավառները, վրաց Թամար թագուհին դրանք, այդ թվում և Շիրակ գավառը նվիրեց Զաքարյաններին:
Կատարված հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վանքը հիմնական վերանորոգման և որոշ փոփոխությունների ու լրացումների է ենթարկվել, որոնք ամենայն հավանականությամբ պետք է կատարված լինեն XIII դարի առաջին քառորդում Զաքարյան իշխանների օրոք: Լմբատավանքի ամենավերջին արձանագրությունը վերաբերում է 1251 թ.-ին, որի համաձայն՝ ոմն իշխան իր սեփական հնձանը վաճառում է Լմբատավանքի Ս. Ստեփանոսի սպաստվոր (հավանաբար վանքի առաջնորդ) Խաչատուրին: Այդ արձանագրությունից կարելի է եզրակացնել, որ XIII դարի կեսերին Լմբատավանքը դեռևս կանգուն և շեն էր: Դրանից հետո, Լմբատավանքի վերաբերյալ պատմությունը լռում է:
Խորհրդային իշխանության տարիներին Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին հիմնանորոգման է ենթարկվել, իսկ շրջապատը պեղվել և բարեկարգվել է: Պեղումներից հայտնաբերվել են խմբական խաչքարերի լայն պատվանդան` վրան երկու խաչքար` աոանձին պատվանդաններով, ինչպես նաև խոշոր դամբարանի պատերի հիմքեր, IX-X դարերին բնորոշ գերեզմանաքարերով:
Լմբատավանքը խաչաձև, կենտրոնագմբեթ կաոուցվածք է գմբեթարդային ծածկերով, խաչթևերն ուղղանկյուն են, կիսաբոլորակ արևելյան աբսիդը ծառայում է որպես ավագ խորան: Գմբեթի թմբուկը ութակող է` սրածայր վեղարով, իսկ գմբեթատակ քառակուսին բազմանկյուն և կլոր է: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Յոթ լուսամուտներից չորսը բացվում են գմբեթի թմբուկի մեջ, և մեկական` աըևելյան, արևմտյան և հարավային կողմերից, որոնք բոլորն էլ երկար են ու նեղ` կամարակապ, քանդակազարդ պսակներով: Լուսամուտների շրջանակներն ու պսակները պատած են գլանաձև, կլոր և բուսական զարդաքանդակներով: Բնորոշ են քիվերը, որոնք սալաձև են և ունեն կլոր-օղակաձև զարդաքանդակներ: Ներքին պատերի ծեփվածքի պահպանված մասերի վրա նկատելի են որմնանկարների մնացորդներ, որոնցից մեկը պատկերում է «Խորհրդավոր ընթրիք»-ը: Այդ որմնանկարը բնական մեծությամբ արտանկարված և ցուցադրված է Երևանի պետական պատկերասրահում:
Շենքն ամբողջությամբ կառուցված է մուգ մանուշակագույն տուֆաքարով, կրաշաղախով, տանիքը նախկինում ծածկված է եղել կղմինդրով, իսկ հետագա վերանորոգումների ժամանակ այն փոխարինվել է սալաքարերով: Նույն վերանորոգումների ժամանակ, ոըը, համաձայն արձանագրությունների, պետք է տեղի ունեցած լինի XIII դարի առաջին տասնամյակի վերջերին, եկեղեցու սւրևմտյան խաչաթևի հարավային և հյուսիսային պատերին կից ավելացվել են փոքրիկ խորան-մատուռներ: Հյուսիսային խորանի մուտքի ճակատին դրված է քառակող կոթողի մի մեծ բեկոր, որի մի կողմում պատկերված է մարդու բարձրաքանդակ, իսկ մյուսում` խաղողի ողկույզաձև զարդաքանդակներ` բնորոշ V-VII դարերին: