Արագածոտն գավառի հնագույն բնակավայրերից է Մուղնի գյուղը: Ժողովրդական ստուգաբանությամբ այն առաջացել է բնակավայրի` Հովհաննավանքից մեկ մողոն հեռավորության վրա գտնվելու պատճառով: XVI-րդ դարի պատմիչ Զաքարյա Քանաքեռցին գրում է, որ վանքը հիմնադրվել է Սուրբ Գևորգի մասունքները Հովհաննավանքից Մուղնի տեղափոխվելու առթիվ: Մուղնու եկեղեցու հիմնադրման մասին հստակ փաստ չկա, սակայն հաճախ նշվում է XIV դարը: Հավանաբար, այս թվագրությունը կապված է նրա հետ, որ Սուրբ Գևորգի մասունքները Մուղնի տարվելու և այստեղ փոքրիկ մատուռի կառուցման մասին պատմող Զաքարյա Սարկավագ Քանաքեռցին հայտնում է, որ դա տեղի է ունեցել Հայաստանում վրաց իշխանության վերացումից և <<Տաճիկների>> տիրապետության հաստատումից հետո: Սակայն XIV-րդ դարը չի կարող Մուղնու եկեղեցու հիմնադրման ժամանակաշրջանը լինել, քանիր որ հայտնի են 1278 և 1280 թվականներին ընդօրինակված երկու ձեռագրեր` գրված Մուղնու երեց Սիմեոնի ձեռքով:
Վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան: Հետագայում այդ մասունքների վրա էլ կառուցվել է Թիֆլիսի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին: Այստեղ է պահվել Մուղնու ավետարանը:
Արագածոտնի Մուղնու վանքը ոչ միայն համաժողովրդական ուխտավայր է եղել, այլև մշակութային գրչության կենտրոն, որտեղ գրված հինգ անուն ձեռագրեր հասել են մեզ և պահվում են Մատենադարանում:
1580թ վանքի առաջնորդ Ոսկան Վարդապետը Մուղնիում եպիսկոպոսական աթոռանիստ է հաստատել: Վանքը ծաղկում է ապրել XVII-րդ դարում, երբ երկու անգամ վերակառուցումների է ենթարկվել: 1664-1669թթ Հովհաննես վարդապետը հիմնովին քանդել է հինն ու փոխարենը սրբատաշ քարից նոր համալիր է կառուցել:
Մուղնու պարսպապատ վանական համալիրի կենտրոնում գտնվում է Սուբ Գևորգ եկեղեցին, իսկ պարիսպներին կից տեղադրված են մյուս շինությունները` պահեստը, աղբյուրը: Սուրբ Գևորգ եկեղեցին քառամույթ գմբեթավոր բազիլիկ է` կառուցված սև և դեղնակարմիր սրբատաշ տուֆ քարով: Արևմտյան կողմում կառույցի հետ միաժամանակ կառուցվել է եռակամար նախասրահ, որի կենտրոնում 12 սյուներով զնգակատուն-ռոտոնդան է:
Եկեղեցու ներքին հարդարանքը բավականին զուսպ է: Կառուցման միդիս տեխնիկայի շնորհիվ աղյուսաշեն հորինվածքի տպավորություն է ստեղծվում: Եկեղեցու ներսույթը հարդարված է XIX դարում արված որմնանկարներով: Մուղնու որմնանկարներից հետաքրքրական են հատկապես Սուբ Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատ թագավորի մկրտության և Սուրբ Գևորգի` Գաբրիել հրեշտակի ձեռքից սուր ստանալու պատկերները:
Եկեղեցու արտաքին հարդարանքում առաջնային տեղ է գրավում բազմագունությունը` սև և դեղին տուֆ քարերի միջոցով կատարված շախմատաձև շարվածքը: Առանձնակի ճոխ հարդարանք ունեն Մուղնու եկեղեցու արևմտյան ու հարավային մուտքերը:
Մուղնու Սուրբ Գևորգը ուխտավայր է եղել ոչ միայն հայ այլև վրացի ու անգամ պարսիկ հավատացյալների համար:
Մուղնու վանքում պահվել են սրբերի մասունքներ, արժեքավոր ձեռագրեր: Առաջին ու ամենակարևոր սրբություններից մեկը Սուրբ Գևորգի աջն է` արծաթապատ և ոսկեզօծ, որի արձանագրության համաձային այն հիշատակ է թիֆլիսեցի Հովհաննեսից, պատրաստված 1634թ.: Արժեքավոր է նաև Մուղնու մասնատուփը, որտեղ բացի Սուրբ Գևորգի մասունքներից, պահվում էին նաև Հիսուսի Խաչափայտի և ուրիշ սրբերի մասունքներ: