Նոր Վարագավանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղում: Վարագավան գյուղի պատմությունը գալիս է XVIII-րդ դարից: 1920-1970-ական թվականներին այն կրել է Հախում անունը` գյուղի միջով անցնող գետի անունով: Վարագավան անունը ստացել է բարձունքից իրեն նայող եկեղեցուց, իսկ գետը կոչվել է Վարագա ջուր: Վանական համալիրը կառուցվել է XII -րդ դարում` Դավիթ երկրորդ Կյուրիկյանի իշխանության տարածքում: 

Վանքը  սկզբում կոչվել է Անապատ: Պատմական Հայաստանի Վասպուրականի շրջանում գտնվող Վարագավանքի վանահայրը` Ղուկասը, մոնղոլական արշավանքներից վանքի ավերումից ու թալանից հետո, Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող Քրիստոսի Խաչափայտի մասունքը, որն Հայաստան էին բերել Հռիփսիմյան կույսերը: Այս իրադարձություններից հետո վանքը կոչվել է Նոր վարագավանք: 

 

Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, կրկնահարկ տապանատնից, մատուռից և երկու գավիթներից: Համալիրը կառուցված է դեղնակապտավուն տեղական ֆելզիտից: Հնագույն եկեղեցին իրենից ներկայացնում է թաղածածկ դահլիճ և պատկանում է հայկական երկաբսիդ եկեղեցիների հազվագույտ տիպին: Շքամուտքը զարդարված է դռան երկու կողմերում տեղավորված խաչքարերով: Եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ տապանատունը, հարավից` միանավ մատուռը, իսկ արևմոըտքից  գավիթը: Վանքի հյուսիսային կողմում  կանգուն է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Դավիթ իշխանի որդին` Վասակ 2-րդը 1224-1237թթ.: Այն ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն գմբեթավոր, արևմտյան ու հարավային մուտքերով շինություն է: Եկեղեցուն արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով գավիթը:  Համալիրի պարիսպներից դուրս միաբանության գերեզմանոցն է` փոքրիկ մատուռով: Վանքն ունեցել է ջրմուղ: