Նորավանքը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս- արևելք` Արփա գետի վտակի ափին: Այն եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային կյանքի նշանավոր կենտրոններից մեկը, Օրբելյանների տոհմական տապանատունը: Այս վեհաշուք համալիրի պատմությունը սկսվում է IV դարում կառուցված Սուրբ Հոկաս մատուռից:
IX դարում կառուցվել է Սուրբ Կարապետ եկեղեցին, որից պահպանվել են հյուսիսային պատն ամբողջությամբ և մյուս պատերի մնացորդները: Սյունիքի թագավորության անկումից հետո` XII դարում, այստեղ հաստատվել է Բաղքի իշխանի եպիսկոպոս որդին: Սյունյաց աշխարհի` մոնղոլների տիրապետությունից ազատագրելուց հետո վանքը ծաղկունք ապրեց Օրբելյան իշխանների շնորհիվ:
Ի նշանավորումն այս իրադարձությունների 1216-1221 թթ իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս Եպիսկոպոսը Նորավանքում կառուցել են Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին: Աղոթատունը ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն շինություն է:
1223-61 թթ.-ին կառուցվել է Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավիթը: Գավիթում ամփոփված են Օրբելյանների, Սյունյաց մետրոպոլիտների ու եպիսկոպոսների աճյունները: Եկեղեցու և գավթի քանդակները մեծ արժեք են ներկայացնում: Ուշագրավ է որսի տեսարանով պատկերաքանդակը, որը դասվում է միջնադարյան Հայաստանի լավագույն հարթաքանդակների շարքին: Որսի տեսարանում պատկերված է Սմբատ Առաջին Օրբելյանը:
Վանական համալիրի եկեղեցիներն առանձնանում են իրենց արտաքին հարդարանքի շքեղությամբ և նյութի մատուցման խորությամբ: Հատկապես գավթի արևմտյան մուտքի ճակատակալ քարի վրա կերտվածները: Հորինվածքի կենտրոնում Աստվածածինն է` մանուկ Հիսուսին գրկած, նրանցից ձախ լուսապսակով Հովհաննես Մկրտչի գլուխն է, իսկ աջ կողմում` Եսայի մարգարեն: Փրկչական մարգարեության այսպիսի պատկերագրությունը եզակի է հայկական միջնադրյան ճարտարապետությունում:
Գավթի լուսամուտի ճակատակալ քարի պատկերագրական բովանդակությունը շատ ավելի հարուստ ու տպավորիչ է: Կենտրոնում հայր Աստծո կիսանդրին է` մարդու կերպարանքով, գանգուր մազերով ու փառահեղ մորուքով: Միջնադարում հայր Աստծո այսպիսի մարդկային կերպարանքով պատկերումն առհասարակ բացառիկ երևույթ է, քանի որ Նա միշտ պատկերվում էր խորհրդանշական ձևով` երկնքից իջնող լույսի, աջի տեսքով և այլն: Նորավանքի այս պատկերագրության հեղինակը միանգամայն ազատ է մեկնաբանել Աստվածաշնչյան կանոնիկ թեմաները: Դրա արտահայտություններից է նաև Աստծո շունչը Սուրբ հոգով փոխարինելը: Ուշագրավ է նաև Հայր Աստծո մորուքի մեջ պատկերված աղավնին, որը կտուցով ուղղված է դեպի Աստծո շուրթերը: Հայր Աստծո ձեռքում Ադամի գլուխն է, որին նա կենդանություն է տալիս: Սուրբ Ստեփանոս եկեղեցուն կից է Սուրբ Գրիգոր դամբարան եկեղեցին, կամ Սմբատի տապանատունը, որը կառուցել է Դարսաիչ Օրբելյանն իր եղբոր` Սմբատ իշխանի գերեզմանի վրա: Հայկական եկեղեցական մշակույթում, դեռ V դարում արգելվել են եկեղեցական թաղումները և սա իրավամբ եզակի դեպք է: Դամբարանի ճարտարապետն էր Սիրանես վարպետը:
1287 թ.-ին Սյունյաց մետրոպոլիտ է դարձել Ստեփանոս Օրբելյանը, որը, ստանալով մոնղոլական իշխանությունների հովանավորությունը, միացրել է Տաթևի և Նորավանքի հոգևոր թեմերը, բազմապատկել Սյունյաց հոգևոր թեմի տնտեսական հնարավորությունները, ձեռք բերել նորանոր կալվածքներ: 1299 թ. նա Նորավանքում ավարտել է «Պատմություն Սիսական տան» աշխատությունը: Ստեփանոս Օրբելյանը գրել է նաև <<Ողբ ի Կաթողիկե>> պոեմը, իսկ Մոմիկը նրա պատվերով ավետարան է կրկնօրինակել ու ծաղկել: Ստեփանոս Օրբելյանը թաղվել է վանքի գավթում: Առհասարակ XIV դարի առաջին տասնամյակը Նորավանքում Մոմիկի բեղմնավոր գործունեության ժամանակաշրջանն էր: Նա այստեղ ձեռագրեր է կրկնօրինակել, խաչքար կերտել Ստեփանոս Օրբելյնաի հիշատակին, Պողոս վարդապետի հետ Ավետարան է գրչագրել ու նկարազարդել: Թամթա իշխանուհու պատվերով կերտել է խաչքար նրա որդիներ Բուրթելի և Բուղդայի արևշատության համար: Մոմիկը նույնպես թաղվել է վանքի տարածքում:
Համալիրի հարավ արևմտյան մասում է գտնվում վարպետ Մոմիկի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը` Բուրթելաշեն կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այն 1331-1339 թթ.-ին կառուցել է Բուրթել Օրբելյան իշխանի մեկենասությամբ: Զարդարված է վարպետորեն արված ճոխ պատկերաքանդակներով: Սա Մոմիկի վերջին գործն է, որն ընդունված կարծիքի համաձայն, ավարտին են հասցրել նրա աշակերտները: Սուրբ Աստվածածինը երկհարկ ֆելզիտե հոյակերտ շինություն է: Առաջին հարկը քառանկյուն է և ծառայել է որպես դամբարանատեղի: Մուտքի երկու կողմերից դեպի երկրորդ հարկ են տանում քարե աստիճանները: Երկրորդ հարկ տանող աստիճանները բարդ են, ինչպես դեպի Աստված տանող ուղին: Ուշագրավ է Բուրթելաշեն եկեղեցու մուտքի բարավորի պատկերագրությունը: Այստեղ պատկերված են Աստվածամայրը մանուկ Քրիստոսի հետ, Գաբրիել և Միքայել հրեշտակապետերը:
1324-31թթ.-ին Սյունյաց հոգևոր կենտրոնը ղեկավարել է մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանը, որն ուսանել էր Գլաձորի համալսարանում: 15-16-րդ դարերում Նորավանքը շարունակել է մնալ հոգևոր մշակութային կենտրոն: Այստեղ կանգնեցվել են նոր խաչքարեր: XVII դարում վանքն անցել է մահմեդականների տնօրինության տակ: XVIII դարում պարսից Ֆաթալի շահը Նորավանքը հանձնել է Պետրոս Բեկ Օրբելյանին և հրամայել, որ Ամաղու գյուղի եկամուտը տրամադրվի վանքին: 1840թ վանքն ավերվել է երկրաշարժից, հետագայում մասնակի վերանորոգվել է, իսկ 1982 թ.-ին սկսվել է նրա պեղման ու շենքերի վերականգնման աշխատանքները: 1998 թ.-ի ապրիլի 18 ձեռամբ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջին Սարգիսյանի վերաօծվել է Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բակում կարելի է տեսնել Մոմիկի կերտած խաչքարերը, որոնք առանձնանում են իրենց ասեղնագործ նրբությամբ ու զարդաքանդակների ինքնատիպությամբ: