Քարահունջը նախապատմական մեգալիթյան հուշարձան է, <<Զորաց քարեր>> անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք: Այն գտնվում է Երևանից 200կմ հարավ, ծովի մակերևույթից 1770մ բարձրություն ունեցող սարահարթի վրա և զբաղեցնում է 7 հա տարածք: Հնավայրը ժողովրդի շրջանում հայտնի է Զորաց քարեր, Ծիլ քարեր անվանումներով: Քարահունջ անվանումն առաջարկել է 90-ական թվականներին հուշարձանը հետազոտած Պարիս Հերունին, ով հուշարձանին վերագրում է 7500 տարվա պատմություն: Քարահունջ անվան կազմությունը Պարիս Հերունին մեկնաբանում է քար+հունչ՝ ձայն, արձագանք, հնչյուն (կոչ) բառերով, այսինքն՝ «Հնչող քարեր» կամ «Խոսող քարեր»:
Հուշարձանն իրենից ներկայացնում է ուղղաձիգ կանգնած բազալտե քարերի շուրջ 200-ից ավել հատուկ դասավորությամբ ձևավորված հսկայական համալիր: Քաերերի բարձրությունը տատանվում է 0.5-ից մինչև 3մ սահմաններում, իսկ զանգվածը մինչև 10 տոնննա: Քարերի վրա արված անցքերն աչքի են ընկնում դեպի ուղղության նպատակակետն ուղղվածության կայունություն և ճշգրտություն: Անցքերն ունեն 4-5 սմ տրամագիծ և գտնվում են քարերի գագաթներից 15-20սմ ներքև: Անցքերը պատրաստված են օբսիդիանի միջուկներ ունեցող թրծված կավե գործիքներով և ներսի կողմի մակերեսը մաքուր է ու ողորկ: Այս անցքերն էլ բազմաթիվ գիտական բանավեճերի առիթ են հանգիսանում:
Ըստ ֆիզիկոս Պարիս հերունու հուշարձանն իրենից ներկայացնում է հնագույն աստղադիտարան: Քարերի տեղադրությունը պատահական չէ, դրանք այնպես են նշանառված, որ տարվա մեջ մեկ օր` մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, հնրավոր էր տեսնել արևը: Այս դիտակների շնորհիվ, ըստ Հերունու, մեր նախնիները որոշել են ամառային և ձմեռային արևադարձերի օրերը: Հուշարձանի տարածքում հետազոտություններ են կատարել նաև ֆրանսիացի Կամիլ Ֆլամարիոնը, Փոփոխական աստղերի դիտորդների ամերիկյան ասոցիացիայի հիմնադիր, Թագավորական աստղագիտական ընկերության անդամ՝ ամերիկացի Ուիլյամ Օլկոտը և անգլիացի աստղագետ Էդվարդ Մաունդերը. բոլորն էլ եկել են այն եզրակացության, որ Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից աստղագիտական ուսումնասիրություններ են կատարվել և Քարահունջ աստղադիտարանը նմանատիպ ուսումնասիրության կենտրոններից մեկն է:
Կառույցի աստղագիտական նշանակության կարծիքի կողմնակիցները նաև ծավալուն հոդվածներ են գրել այն մասին, որ կառույցում քարերի տեղադրությունը գետնի վրա համապատասխանում է «Կարապ» համաստեղության աստղերի դասավորությանը երկնքում:
Կենտրոնական հատվածում, ըստ ուսումնասիրողների, Ար արևի աստծո տաճարն է: Տաճարն իրենից ներկայացնում է շրջանաձև դասավորված 40 քարերից կազմված կառույց` մուտքը արևմտյան կողմից: Կառույցի նախնական տեսքը կորսվել է, քանի որ դարերի ընթացքում ենթարկվել է որսագողության, հարստահարումների:
ՀՀ կառավարության 2009 թ. հունիսի 26-ի որոշմամբ ստեղծվել է «Զորաց քարեր բնակատեղի» պատմամշակութային արգելոց (50 հեկտար տարածքով), իսկ 2010 թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ տարածքը փոխադրվել է հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անժամկետ օգտագործման իրավունքով անհատույց հանձնվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: «Քարահունջ աստղադիտարան» մեգալիթյան համալիրը նրա մի մասն է կազմում։
Լուսանկարը՝ Արմեն Մանուկովի