Քարի լիճը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին, հարավային գագաթից 3,5 կմ հարավ՝ ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա: Լճի հայելու մակերեսը 0,12 կմ² է։ Այն Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկն է: Քարի լիճ կարելի է հասնել մեքենայով:
Քարի լճի տարածքում է գտնվում «Արագած Ալպյան» արգելոցը, որտեղ կարելի է տեսնել հազվադեպ հանդիպող ծաղիկների տեսակներ։
Լիճը առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը տարվա մեծ մասը շրջապատված է ձյունով, ինչի հետևանքով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։
Լճի հարավային ափին է գտնվում Խորհրդային Միության տարիներին հիմնած ֆիզիկայի գիտահետազոտական կենտրոնի բազայի վրա գործող Արագած տիեզերական ճառագայթների հետազոտական կայանը, որը 1942 թ.-ին հիմնվել է Արտեմ Ալիխանյան և Աբրահամ Ալիխանով եղբայրների կողմից։
Կայանի ջրամատակարարումն ապահովելու նպատակով լճի հարավային արտահոսքը փակվել է բետոնե պատով, որի հետևանքով բարձրացել է լճի մակարդակը, ձմռանը չի սառցակալում մինչև հատակը, իսկ գարնանն ամբարված ջուրը բավարարում է կայանի կարիքները ողջ տարվա ընթացքում։ Լճում իշխան ձուկ կա, որի քանակը տարեցտարի լրացվում է արհեստական բազմացված մանրաձկով։
Տարվա մեծ մասը լճափնյա տարածքը պատված է ձնով:
Քարի լճի հետ կապված կա մի ավանդազրույց, համաձայն որի՝ ժամանակին Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Սակայն մի օր նրանք կռվում են այն պատճառով, թե ով է նրանցից ավելի գեղեցիկ և ավելի բարձր: Մարութա լեռը փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին է անիծում, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ»։