Սաղմոսավանք վանական համալիրը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում: Համալիրը XIII-րդ դարի կառույց է: Սաղմոսները ծագում են հունարեն փսալմոս՝ քնարի վրա երգ բառից: Դրանք Աստծուն փառաբանող օրհներգություններ են, որոնք ամփոփված են Սուրբ Գրքի Սաղմոսարանում՝ հոգևոր երգերի ժողովածուում: Հենց եկեղեցում հնչող Սաղմոսների անունից էլ համալիրը կոչվել է Սաղմոսավանք:
Սաղմոսավանքի ներկայիս վանական համալիրը հիմնադրել է Վաչե Վաչուտյանը: Նա, համաձայն Սաղմոսավանքի տաճարի մուտքի բարավորի արձանագրության, 1215թ. կառուցել է համալիրի սուրբ Սիոն եկեղեցին: Նորակառույց սրբարանի անվանումը պատահական չի ընտրված, քանի որ սրբազան քաղաք Երուսաղեմի «բարձրագույն և հարավային բլրակը» կոչվում է Սիոն: Իսկ Քասախի կիրճի սաղմոսավանյան ձորափը ամենաանդնդախոր հատվածն է: Ավելի ուշ վանքը հայտնի էր նաև սուրբ Նշան անվամբ:
Սաղմոսավանքի համալիրը բաղկացած է հետևյալ հուշարձաններից. սուրբ Սիոն կամ սուրբ Նշան գլխավոր եկեղեցի, գավիթ, սուրբ Աստվածածին եկեղեցի-գրատուն, սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռ-եկեղեցի:
Սուրբ Սիոն եկեղեցու շենքը գմբեթավոր մի կառուցվածք է, որի հատակագիծը արտաքուստ ուղիղ քառանկյունի է, իսկ ներսից, շնորհիվ անկյուններում տեղավորված խորանների, դարձել է խաչաձև՝ ուղղանկյուն խաչաթևերով: Միակ մուտքը արևմտյան կողմից է՝ կիսակլոր ճակատակող մեծ քարով ու գեղեցիկ պարակալով, որը բացվում է գավթի մեջ: Ամբողջ շենքը կառուցված է սև տուֆի սրբատաշ քարերով՝ կրաշաղախով մածուցված:
Գավիթը կից է սուրբ Սիոն եկեղեցուն արևմուտքից: Գավիթն ունի Հայաստանում այդ ժամանակ տարածված և բնորոշ քառակուսի մեծ դահլիճի հորինվածք՝ միմյանցից հեռու տեղադրված կլոր սյուներով: Դրանք գավթի տարածությունը բաժանում են 9 մասերի, որոնցից կենտրոնականը (քառակուսին) ավարտվում է կենտրոնում երդիկ ունեցող 12 նիստանի հատած կոնով, որի վրա տեղադրված է ռոտոնդան:
Գավիթն ունի 4 մուտք: Գլխավոր շքամուտքն արևմուտքից է, մյուսը` հյուսիսից: Երկու մուտքերն էլ զարդարված են հոյակերտ զարդանախշերով: Գավթի երրորդ մուտքը ներքին է, որը բացվում է արևելյան պատի հարավային եզրում և տանում է դեպի սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի նախասրահ ու սուրբ Աստվածածին եկեղեցի-գրատուն: Չորրորդ մուտքը արևելյան պատի հյուսիսային ծայրին է, որը ներսից բացվում է դեպի հյուսիսային բակ: Այն դրսից կամարակապ է ու գեղեցիկ: Դրա հեղինակը վարպետ Դեկն է:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը գտնվում է սուրբ Սիոն կամ սուրբ Նշան եկեղեցու հարավային կողմում՝ մոտ 2 մետր հեռու: Այն թաղակապ ծածկով, փոքր, միանավ, բազիլիկ եկեղեցի է: Խորանը կիսակլոր է՝ բեմով, առջևի աղոթասրահը՝ քառակուսի: Միակ մուտքը բացվում է արևմուտքից՝ փոքրիկ նախասրահից, ուր կարելի է մտնել գավթից ու գրատնից:
Սա հենց Սաղմոսի եկեղեցին է, որը IV -րդ դարում հիմնադրել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը, իսկ ներկայիս տեսքով այն սուրբ Սիոնի և գավթի շինարարությանը զուգընթաց վերակառուցել է Վաչե Վաչուտյանը: Մատուռի կամարները աջից ընդհատվում են որմնակամարով, որի ստորին մասում (մատուռի դռան վերևում) հավերժության նշանն է:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռանման եկեղեցու շքամուտքը եզերվում է գողգոթայի քանդակազարդ նշանով: Մուտքի բարավորին Գրիգոր Լուսավորչի որմնանկարն է, որն ուշ միջնադարի գործ է:
Գրատունը կառուցվել է 1255թ.՝ Քուրդ Ա-ի և նրա տիկնոջ՝ Խորիշահի ջանքերով ի հիշատակ իրենց վաղամեռիկ դստեր՝ Մամախաթունի: Գրատունը ևս զարդարվել է ոսկե խաչով և ոսկետուփ ավետարանով, որ պատրաստվել էին հանգուցյալ իշխանադստեր զարդերով: Սուրբ Աստվածածին եկեղեցի-գրատան խորանը կիսակլոր աբսիդ է բարձր բեմով, որի հարավային կողմում կա երկհարկանի ավանդատուն:
Շենքի հյուսիսային մույթից արևելյան պատին անցնող կամարի գագաթի վրա տեղադրված է սիրամարգի ուռուցիկ քանդակը: Սիրամարգը հանդիսանում է անփտության սիմվոլ դրախտում, նաև մահվան հանդեպ Քրիստոսի հաղթանակը, անմահությունն ու փրկությունը:
Առանձնապես աչքի են ընկնում խորանի առաջամասի թաղին արծվի և հրեշտակի քանդակները, որոնք հավանաբար Հովհաննես և Մատթեոս առաքյալների խորհրդանշաններն են: Հրեշտակը պատկերված է վեցաթև, ընդ որում, չորս թևերը թռչնի են, երկուսը՝ մարդու: Գրատան հարավային պատին ավելի ուշ փորագրված է արևային ճառագայթավոր գեղաքանդակ ժամացույցը:
Գրատան ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր: Խորանի հյուսիսային եզրին, քիվի տակ պատկերված է մարդակերպ, երկթև հրեշտակ: Դա Գաբրիել հրեշտակապետն է: Նա կանգնած է ողջ հասակով, գլխի ետևում բաց շագանակագույն լուսապսակն է: Հրեշտակի մազերը սևաթույր են: Հագին ունի կիսաշրջանաձև օձիքով և սպիտակ երիզներով կարմիր երկարավուն պատմուճան, որի կենտրոնում՝ կրծքի վրա, կլորավուն, բաց շագանակագույն զարդանշան է՝ կախված մուգ կապտավուն հաստ թելից: Հրեշտակապետի նկարի վերևի մասը մուգ կապտավուն է, իսկ ներքնամասը՝ բաց շագանակագույն: Դրանք խորհրդանշում են երկինքն ու երկիրը:
Խորանի աջ կամ հարավային որմնասյան ձախից երկրորդ նիստի վրա պահպանվել է 4 որմնանկար: Առաջինում նշմարվում է կնոջ դեմք՝ սրբապսակով: Դրանից աջ՝ կողքի նիստին, նշմարվում է եկեղեցու գմբեթի գծապատկեր: Աբգար թագավորի որմնանկարից ներքև պատկերված է մարդ՝ հագին շագանակագույն թիկնոց: Խորանի ձախ որմնասյան նիստերն ավելի լավ են պահպանված, քան աջինը: Որմնանկարները պատկանում են XIII-րդ դարին:
Լուսանկարը՝ Վահագն Գրիգորյնաի