Սանահինի վանական համալիրը միջնադարյան հայկական ճարտարապետության շքեղագույն ու միևնույն ժամանակ միստիկ գոհարներից է:  Սանահինի վանական համալիրում, ավելի, քան հայկական մյուս եկեղեցիներում պահպանվել են հեթանոսական Հայաստանի մեհյանների հիմքերը:  Վանքը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր, գիտակրթական և մշակութային կենտրոն:  Համալիրը գտնվում է պատմական Հայաստանի Գուգարք աշխարհում` ժամանակակից Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում` Դեբեդ գետի աջ ափին:

Վանական համալիրի առաջին` Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է 10-րդ դարի 30-ական թվականներին Աբաս Առաջին  Բագրատունի թագավորի օրոք: 966թ Աշոտ 3-րդ Ողորմածն ու  Խոսրովանույշ թագուհին կառուցել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին իրենց որդիներ Կյուրիկեի և Սմբատի արևշատության համար ու հիմնադրել են միաբանություն և բարձրագույն կարգի հոգևոր դպրոց: 977 թ  Սմբատ 2-րդի հրովարտակով Սանահինի վանքը դարձել է նորակազմ  Կյուրիկյան թագավորության  եպիսկոպոսական աթոռանիստը և Տաշիրի  թեմակալ է ձեռնադրվել Եսային:

11-րդ դարում Դիոսկորոս Սանահնեցու վանահայրության տարիներին կառուցվել են Սանահնի վանքային համալիրի գրատունն ու  Սուրբ Գրիգոր մատուռը : Հոգևոր դպրոցը դարձել է ուսումնական մեծ կենտրոն, հարստացել է գրադարանը, գրվել ու  ծաղկվել բազմաթիվ ձեռագրեր: Աստվածաբանությունից բացի դասավանդվել են նաև փիլիսոփայություն, տոմարագիտություն,  երաժշտություն, բժշկություն և այլն: Ըստ ավանդության այստեղ է դասավանդել նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որի անունով էլ Սուրբ Գրիգոր և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիների միջև գտնվող ճեմասրահը կոչվել է Մագիստրոսի ճեմարան:

Ամենափրկիչ եկեղեցու արևելյան ճակատին կտիտորական քանդակի վրա պատկերված են  Սմբատ և Կյուրիկե եղբայրները: 

11-րդ դարում Կյուրիկյան թագավորության անկումից և մոնղոլական արշավանքներից հետո վանքը տևական ժամանակ ամայության է մատնվել` մինչև Զաքարյանների իշխանության ժամանակաշրջանը: Զաքարյաննների իշխանության ժամանակաշրջանում  վանքապատկան շինությունները հիմնովին նորոգվում են, իսկ Դեբեդի վրա կառուցվում է Սանահնի նշանավոր կամուրջը, որով անցնում է Սանահինի վանք տանող ճանապարհը:

Սանահինի վանքի զանգակատունը կառուցվել է Վաչուտյան իշխանների օրոք և մեզ հասած զանգակատներից ամենահինն է:

 

14րդ դարավերջում, երբ թուլանում ու տրոհվում է Զաքարյանների իշխանապետությունը, վանքը և Սանահին գյուղը դառնում են  նրանց շառավիղների` Արղության Երկայնաբազուկների, սեփականությունը մինչև 20-րդ դարի սկիզբը: Խորհրդային միության տարիներին եկեղեցին գտնվել է պետության հատուկ պահպանության տակ առնված մշակութային ժառանգւթյան հուշարձանների ցանկում: