Սև լիճը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագլխին, Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ ծովի մակերևույթից 2658 մ բարձրության վրա։ Սև լիճը գտնվում է համանուն արգելավայրում և բնության հատուկ պահպանվող տարածք է։ Անհոսք քաղցրահամ լիճ է։ Ջրափնյա գծի երկարությունը 5 կմ է: Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ՝ 7,5 մ, ջրի ծավալը՝ ավելի քան 9 մլն մ³։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Այստեղ բուծում են իշխան ձուկ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։ Լճից անմիջապես արևելք գտվում է ավելի փոքր Ջանլիճ կոչվող լճակը։
Լճի անվան ծագման հետ կապված գոյություն ունի երկու ավանդույթ․
Համաձայն առաջին ավանդույթի՝ ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եղել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը։ Ավանդազրույցը գրի է առել Սերո Խանզադյանը 1946 թ.
Համաձայն մյուս ավանդույթի՝ այստեղ ապրում էին ջրի խոզեր, շներ, ձիեր և մեծ ձկներ։ Սև լճում ապրում էր նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև էր լինում, նա դուրս էր գալիս ջրի երեսը և խաղում ալիքների հետ։ Այս աղջիկն էր, որ կպչելով լճի մեջ ընկած կենդանու ոտից, չէր թողնում, որ նա դուրս գա ջրից: