Սևանա լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, մայրաքաղաք Երևանից 60 կմ դեպի հյուսիս-արևելք՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Սևանը աշխարհի մեծ, բարձր-լեռնային, քաղցրահամ լճերից մեկն է: Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ 

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ 

Վանա և Ուրմիա լճերի հետ միասին Սևանա լիճը հանդիսանում է հայկական հինավուրց աշխարհի պատմական Մեծ Հայք կոչվող թագավորության երեք խոշոր լճերից մեկը: Վանա և Սևանա լճերը միասին կոչվել են Հայկական Թագավորության «կապույտ աչքեր»: Lիճը Հայկական բարձրավանդակի մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ 

Սևանի լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ 

Սևանա լիճը շրջապատված է Վարդենիսի, Գեղամա, Փամբակի, Արեգունի և Սևանի լեռնաշղթաներով։ Նորատուս և Արտանիշ հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով` Շորժայի թմբով: Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ): Լճի հյուսիս-արևմտյան մասում գտնվում է Սևանի թերակղզին՝ իր հռչակավոր վանքերով ու խաչքարերով։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտավայրը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ 

Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից, որոնք բնութագրում էին Սևանավանքը։ Վերջինս կառուցել էր Սյունիքի իշխանուհի Մարիամ Բագրատունին սև տուֆից (9-րդ դար)։

Հայ պատմագրության մեջ Սևանա լիճը կոչվել է ոչ թե լիճ, այլ ծով: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունյաց ծով, Գեղամա ծով (հին հայկական անվանում), պարսկական Դարյա-Շիրին, անտիկ շրջանում Լիկնիտիս (Lichnitis), որը ծագել է հայերեն լիճ բառից։ Ուշ միջնադարում լիճը կոչվել է նաև «Գյոքչա», որը թարգմանաբար նշանակում է «կապույտ ջուր»։ 1901 թ.-ին  հրատարակված Յուժակովի հանրագիտարանում նշված է նաև հին պարսկերեն անվանումը՝ Գաոսրավագա։ «Գեղամա ծով» անվանումը հանդիպում է  Մովսես Խորենացու, Հովհաննես Դրախստանակերտցու, Կիրակոս Գանձակեցու և այլ պատմիչների աշխատություններում:

Սևանա լճի ափին կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրություն, որը թվագրվում է մ.թ.ա. 9-6-րդ դարերով։ Այն թույլ է տալիս եզրակացնել, որ անվանումը կարող է ուրարտերեն լինել. սունիա նշանակում է «լիճ»։

Սևանի ազգային պարկի տարածքում ավելի քան 50 պատմամշակութային հուշարձան կա, որոնց թվում են Լճաշենի հնագույն դամբարանները՝ ուրարտական թագավոր Արգիշտի I-ի սեպագիր արձանագրություններով։

Ուրարտական արձանագրությունները հայտնաբերվել են Սաթենա քաղաքի փլատակների վրա։ Հնագետները պնդում են, որ այս քաղաքն ավելի քան հինգ հազար տարվա պատմություն ունի։ Պեղումների ժամանակ պարսկերենով, իսլամական ու բաբելոնյան լեզուներով գրված սեպագիր արձանագրություններ են հայտնաբերվել։

  Բերդկունքի փլատակները գտնվում են Սևանա լճի արևելյան ափին։ Բերդը կառուցվել է մ.թ.ա. I կամ II հազարամյակներում։ Ստորջրյա նկարահանումների ժամանակ հայտնաբերվել է բերդից դեպի ջուր տանող ենթադրյալ գաղտնի ելքը:

1978 թ.-ին Սևանա լճի տարածքում ստեղծվել է «Սևան» ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

«Սևան» ազգային պարկի հյուսիսարևմտյան հատվածում է գտնվում «Նորաշենի» արգելոցը, որը հայտնի է որպես Որորների կղզի: Այն գտնվում է Սևանից Գավառ տանող ճանապարհի ձախ մասում՝ Նորաշեն գյուղի մոտ։ «Նորաշենի» արգելոցը զբաղեցնում է 839 հա մակերես, որից ցամաքային տարածքը կազմում է 341 հա, իսկ ջրայինը՝ 498 հա։ Արգելոցն  իրենից ներկայացնում է 3.9 կմ երկարությամբ և 3.0 կմ լայնությամբ առափնյա հատված, ընդհանուր 12,7 կմ պարագծով, որտեղ ապրում և վերարտադրվում են տարածքի միակ էնդեմիկ բնակիչները՝ հայկական որորները։ Բացի հայկական որորներից, տարածքը լի է նաև այլ թռչուններով։ Այս հատվածում են գտնվում նաև Սևանա լճի փոքրիկ կղզիները։ Արգելոցը մարդկանց գրավում է իր մարդու ազդեցությունից զերծ մնացած բնությամբ, սպիտակ ավազով ափով, անտառապատ տարածքներով և բազմատիպ թռչունների գեղեցկությամբ։

Սևանա լճի հետ կապված գոյություն ունի երկու ավանդություն․

Համաձայն ավանդություններից մեկի՝ Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։ Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

Համաձայն մյուս ավանդության՝ Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին՝ որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում՝ «Սև Վան եկավ մեր գլխին, սև Վան»։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան:

 

Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը Հայաստանում նշվում է Սևանա լճի օրը: