Սևանավանքը կամ Սևանի անապատը հիմնադրել է Գրիգոր Առաջին Լուսավորիչը 305թ., նախկին հեթանոսական սրբատեղիի տեղում: Վանքը կառուցվել է Սևանա լճի կղզում, որն այժմ թերակղզի է: Վանքում վանական կյանքն ակտիվանում է հատկապես 9-րդ դարում և կապված է Մաշտոց Առաջին Եղիվարդեցի վանահոր գործունեության հետ: Նա հիմնել է սուրբ Առաքելոց միաբանությունը և 874թ. իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու դուստր` Սյունիքի Գաբուռ իշխանի կին  Մարիամի միջոցներով կառուցել է սուրբ Կարապետ և սուրբ Առաքելոց խաչաձև, եռախորան, գմբեթավոր եկեղեցիները: Դրանք այն երեսուն եկեղեցիներից էին, որ իշխանուհին ուխտել էր կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին: 

 Սուրբ Առաքելոց եկեղեցին ունի ավանդատուն և ութանիստ թմբուկով գմբեթ: Սուրբ Աստվածածին եկեղեցին արևելյան կողմում ունի երկու ավանդատներ, որոնցից մեկը կառուցվել է հետագայում: Արևմտյան կողմում կցվել է քառասյուն գավիթ, որն հնագույններից է և կանգուն է եղել մինչև 1930-ական թվականները: Գավթի սյուները պսակվել են հայկական կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ հանդիսացող փայտե քանդակազարդ խոյակներով, որոնք այժմ պահվում են ՀՀ Պատմության պետական թանգարանում և Էրմիտաժում: Սևանավանքի վանական միաբանությունը առաջնորդվել է Բարսեղ Կեսարացու համակեցության 9 կանոններով: Միաբանները զբաղվել են սուրբ գրքի ընթերցանությամբ ու ընդօրինակմամբ:

874 թ.-ին Աշոտ Բագրատունին վանքին է նվիրաբերել   6 գյուղ, այգիներ Գառնիում և Երևանում: Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսը համալիրում բացել է դպրոց և հարստացրել վանքի  մատենադարանը: 

921 թ.-ին Աշոտ Երկաթ Բագրատունու գլխավորած զորքը Սևանի նշանավոր ճակատամարտում հաղթանակ է տանում արաբների նկատմամբ և ամրապնդում Բագրատունյաց թագավորության դիրքերը:  

 Միջնադարում Սևանավանքում էր պահվում Աշոտ առաջինի նվիրած նշանավոր սուրբ խաչը, որն, ըստ ավանդության պատրաստված էր այն կոնքի նյութից, որի մեջ Մարիամ Աստվածածինը լողացրել էր մանուկ Հիսուսին: Այն վանքի գլխավոր սրբություններից էր և այժմ պահվում է Մայր Աթոռի թանգարանում: Սուրբ Առաքելոց եկեղեցին մինչ օրս առավել հայտնի է Սուրբ Նշան  անունով` ի պատիվ այդ խաչի փրկագործական նշանի: 

XV դարում Սևանավանքում Դանիել վարդապետը բացել է վանքի վարդապետարանը: Միաբանները բացի Աստվածաշնչից ուսումնասիրել են փիլիսոփայություն, քերականություն, տոմար և այլն: XVII դարի կեսերին Թիֆլիսեցի Չիթաղյան եղբայրների միջոցներով վերանորոգվել են վանքի եկեղեցիները: Նույն դարում կղզու արևմտյան ստորոտին կառուցվել է սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցին:

Վանքի սարկավագների և դպիրների ուսումնառությունը հոգալու նպատակով կաթողիկոս Գևորգ  4-րդ  Կոստանդնուպոլսեցու հրամանով 1864 թ.-ին կղզում բացվել է հոգևոր դպրոց, որի ուսուցիչները Էջմիածնի Գևորգյան ճեմարանի  դասախոսներն էին: Դպրոցն իր գործունեությունը շարունակել է մինչև 1880 թ.-ը: Սևանավանքը մինչև 1830 թ.-ն առանձին վարչական միավոր էր, ապա մտել է Երևանի շրջանի մեջ: 1901 թ.-ին Մկրտիչ  Առաջին Վանեցու` Խրիմյան Հայրիկի, կոնդակով Սևանավանքը դարձել է աղոթատեղի:  Վանքի 3 եկեղեցիները` որպես գործող եկեղեցիներ, գոյատևել են մինչև 1930 թ.-ը: Սուրբ  Աստվածածին եկեղեցին խորհրդային միության տարիներին քանդվել է, քարերը տեղափոխվել են և օգտագործվել տեղի հյուրանոցներից մեկի շինարարության մեջ: 

Սևանի վարդապետարանը հաջորդել է Տաթևի համալսարանին` կոչվելով  արևելյան տան վարդապետարան, իսկ նրա վարդապետը` րաբունապետ համայն ազգի: Սևանավանքի վարդապետարանի ուսումնական ծրագիրը կրկնել է Տաթևի համալսարանի ծրագիրը: 1990 թ.-ին  բացվել է Սևանավանքի դպրանոցը և ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անունով կոչվել է Վազգենյան հոգևոր դպրանոց:  

Վանքում պահվել են նաև այլ սրբություններ:  Դրանց թվում հայտնի է Սևանի զորավոր տիրամայրը, որն, ըստ ավանդույթի, բազմաթիվ հիվանություններ է բուժել: Պատկերի առջև աղոթքով է բուժվել Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար  Սեբաստացին: 16 տարեկանում եկել և տիրամոր բարեխոսությունն է խնդրել աչքերի տեսողության բուժման համար: Աստվածածնին ուղղված աղոթքը  բարերար ազդեցություն է ունեցել և ուխտավորը բուժվել է: Այժմ վանքում պահվում է հայտնի աստվածամոր պատկերի կրկնօրինակը: Բնօրինակը գտնվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում:

Այժմ Առաքելոց եկեղեցու հյուսիսային պատի տակ է գտնվում նաև Սևանի հայտնի ամենափրկիչ խաչքարը, որ ծաղկվել է XVI դարում Տրդատ ծաղկողի կողմից:

 

Վանքի հեղինակությունը միջնադարում այնքան մեծ էր, որ ժողովուրդը համարել է, որ երեք անգամ Սևան ուխտի գնալը հավասար է մեկ անգամ Սուրբ Երուսաղեմում լինելուն: Սակավաթիվ մարդիկ էին կարողանում վանք հասնել, քանի որ բոլոր կողմերից շրջապատված էր ալեծուփ ջրերով: Ասում են այնքան խստակրոն էին եկեղեցու սպասավորները, որ կնոջ ոտքն, առհասարակ, արգելված էր միաբանություն: Միայն Մարիամ իշխանուհին է մուտք ունեցել վանք, ում համար Առաքելոց եկեղեցու հյուսիս արևելյան կողմում փոքրիկ անցք էր բացվել դեպի իր խուցը` վերջինիս հաղորդակից դարձնելով սուրբ պատարագներին: