Սիսավանի վանք կամ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի, միջնադարյան քրիստոնեական կառույց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ Վանքից ոչ հեռու գտնվել է Սյունիքի մայրաքաղաք Շաղատը և Սյունիքի բերդը, որի պատճառով եկեղեցին ստացել է Սյունի վանք անունը:

Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի՝ Սյունյաց վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցին հիմնադրել է Սյունյաց Վարազդուխտ իշխանուհին։ Վանքի առջև Սյունյաց իշխանները կառուցել են արքունական տուն և իշխանանիստ ապարանք։ Եկեղեցին VII դ. վերջին քառորդում հիմնովին վերակառուցել են Կոհազատ իշխանն ու Սյունյաց եպիսկոպոս Հովսեփ Ա-ն (670-689)՝ Թեոդորոս Սիոն վանականի օժանդակությամբ։ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Սյունյաց վանքն իր նշանակությամբ համարել է Սյունիքի վանքերից երրորդը։

Սրբատաշ կապտավուն բազալտից կառուցված Ս. Հովհաննես եկեղեցին ունի «հռիփսիմեատիպ» միջանկյալ երեք քառորդ խորշերով քառախորան, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Եկեղեցու պատերին առկա են քարտաշ վարպետների բազմաթիվ նշանագրեր, ինչպես բնորոշ է VII դարի ճարտարապետական կոթողներին։ 

 

Կառույցի բոլոր դեկորատիվ տարրերը համահունչ են VII դարի հայկական ճարտարապետության ընդհանրացված զարդաձևերին: Հատկապես ուշագրավ է թմբուկի բազմանիստ հյուսածո զարդանախշերով քիվը, որի չորս հիմնական նիստերի վրա պատկերված են ավետարանի դիմաքանդակները: Եկեղեցին հիմնովին վերականգվել է 1959-61 թթ.-ին: