Պատմական Սյունիքի կենտրոնը X դ. Եղեգիս քաղաքավանն էր, որից դեպի արևելք՝ երկու ձորակների միջև գտնվող դժվարամատչելի բարձունքին, արծվի պես թառել է Սմբատաբերդը, որը հայտնի է նաև Ցախաց քար անվանմամբ: Ղ. Ալիշանը գրում է, որ քաղաքը և բերդը ունեցել են նույն՝ Սմբատաբերդ կամ Ցախաց քար անվանումը և մինչև VII դ. սկիզբ պատկանել են Սյունյաց իշխաններին, ապա X դ անցել Բագրատունի արքայատոհմին, իսկ XIII դ. Զաքարյանների կողմից նվիրաբերվել են Օրբելյան իշխաններին և մինչև XV դ. եղել նրանց աթոռանիստը: 1605 թ-ին քաղաքը և բերդը հիմնովին ավերվել և մարդաթափվել են Շահաբասի, ապա թուրք-պարսկական պատերազմների արդյունքում: Այսօր կանգուն են միայն բերդի պատերը, որոնց շարվածքն իրականացված է սեպաձև մշակված անտաշ և սրբատաշ բազալտե քարերով և կրաշաղախով: