Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի հարավում` սուրբ Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում: Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301թ Գրիգոր Լուսավորչի համառ ջանքերով ժամանակի արքայական ընտանիքը` ի դեմ Տրդատ Մեծի, վկայարան են կառուցում: Սուրբ Գայանեի վկայարանը ևս Շապուհ արքան ավերակների էր վերածել, ինչը վերականգնվում է Սահակ Պարթևի կողմից: 

630թ Եզր Առաջինը քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով կառուցել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին: Եկեղեցին հետաքրքիր  ու ներդաշնակ ներքին ու արտաքին հորինվածքներով աչքի ընկնող քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու դամբարանը: Առաքել Դավրիժեցու վկայությամբ  սուրբ Գայանե եկեղեցու միայն պատերն ու գմբեթակիր մույթերն են կանգուն եղել, որը վերանորոգել է Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսը: Եղիազար Այնթափեցին 1688թ կառուցել է վանքի միաբանության շենքերը, պարիսպները, եկեղեցուն կցել եռակամար գավիթ, նրա հարավային և հյուսիսային կողմերում պատարագամատույց սեղաններով Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված մատուռներ շինել: 

Գևորգ 4-րդ Կոստանդնուպոլսեցու կաթողիկոսության տարիներին համալիրը վերանորոգվել է: 

1910թ. Նոր Նախիջևանի հայ համայնքը սև գրանիտից տապանաքար է բերել սուրբ Գայանեի աճյունի համար: 1959թ վանքը վերանորոգվել է բակում կանգնեցվել է մատաղատուն, աղբյուր` ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծմամբ: 1970-ական թվականներին ևս համալիրը վերանորոգության է ենթարկվել: Սուրբ Գայանե վանքի բակում են թաղված միջնադարյան Հայաստանի հոգևոր առաջնորդներ, ինչպես նաև հայ հոգևոր երգի անգերազանցելի կատարող Լուսինե Զաքարյանը: Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը հայ եկեղեցին նշում է Զատկի հաջորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի  օրը: