Աշտարակ քաղաքի Սուրբ Մարիանե եկեղեցին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է: Գտնվում է Աշտարակ քաղաքի հյուսիս արևելյան մասում: Եկեղեցին կառուցվել է 1281 թվականին դարչնագույն սրբատաշ տուֆից, իսկ զանգակատունը` 1838-ին: Հայ եկեղեցական տոնացույցում հիշատակվում են Մարիանե անունով երկու սրբուհիներ: Նրանցից մեկը հռիփսիմյաց կույսերի հետ Հայաստան եկած սուրբ Մարիանեն է, որի աճյունը գտնվում է սուրբ Էջմիածնում: Վերջինս արժանացել է նույն ճակատագրին, ինչ մյուս քրիստոնյա կույսերը 4-րդ դարի սկզբին` հալածվել ու նահատակվել է հավատքի համար: Մյուս Մարիանեն, գրեթե նույն ժամանակաշրջանում ապրած Պիսիդյան Անտիոքի քրմի դուստրն էր: Նա քաղաքի քրմի միակ դուստրն էր և վաղ հասակում մորից զրկվելով՝ հանձնվում է քրիստոնյա ստնտուի խնամքին: Երբ արդեն մեծ էր, հայրը նրան ցանկանում է քրմուհի դարձնել և ամուսնացնել Լեոնիդաս զորավարի հետ, սակայն աղջիկը հրաժարվում է ուրանալ Քրիստոսին և ծառայել անմռունչ կուռքերին: Հայրը նրան տանից վռնդում է, և Ս. Մարիանեն գնում է իր ստնտուի մոտ, սակայն քիչ ժամանակ անց ձերբակալվում է և գլխատվելով՝ նահատակվում: Երկու սրբուհիներն էլ մեծ համակրանք են վայելում քրիստոնյաների շրջանում, բայց առ այսօր չկա հստակ պատկերացում, թե հատկապես որ սրբուհու անունով է անվանակոչվել Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցին: Երկու սրբուհիներին նվիրված օրերն էլ մեծ շուքով նշվում են եկեղեցում:
Ներկայիս եկեղեցու արևմտյան կողմի փոքրիկ Սուրբ Մարիանեն ունի կառուցման 13-րդ դարին բնորոշ հատուկ համաչափություններ և ճարտարապետական յուրահատկություններ։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև գմբեթավոր կառույց է, իսկ արևմտյան և արևելյան կողմերից ունի երկաստիճան կողային մատուռներ։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում եկեղեցու թմբուկը, որը ներսից շրջանաձև է, իսկ դրսից՝ տասանիստ։ Ավարտվում է բարձր վերասլաց գմբեթով: Կառույցի հիմնական մուտքը հարավային պատի մոտ՝ 1838 թվականին կառուցված զանգակատնից է: Հարդարանքից ուշագրավ են պատուհանների կիսագլանային հատվածքի քառանկյուն պարակալները՝ խաչաձև դասավորված եռաթև հավելումներով։ Հարավային խաչաթևի կտուրի զանգաշտարակը կառուցվել է 1838թ.-ին։ Համալիրի շուրջը պահպանվել են խոշոր, անմշակ բազալտից պարսպի մնացորդներ։
20-րդ դարասկզբին` 1905թ Խրիմյան Հայրիկի կաթողիկոսության տարիներին սկսվել է կից եկեղեցու կառուցումը, բայց հայտնի մի շարք իրադարձություններով պայմանավորված, չի հաջողվել այն իրականություն դարձնել: Խորհրդային միության տարիներին շինությունը ծառայել է որպես հացահատիկի ու զենքի պահեստ: Վերջին վերանորոգումը և վերաօծումը կատարվել է 21րդ դարի 2-րդ տասնամյակում: Նոր սրահի խորանը կառուցվել է 1905 թ նախատեսված նախագծով: Վերջինս փոքրիկ սյունաշարով արևմտյան պատի մոտ միանում է 13-րդ դարում կառուցված փոքրիկ Մարիանե եկեղեցուն` առանձնահատուկ գողտրիկություն հաղորդելով կառույցին: