Թեղենյաց վանքը գտնվում է Կոտայքի մարզի Բուժական գյուղից 3 կմ հյուսիս: Միջնադարյան հայկական ճարտարապետության խոշորագույն կենտրոններից է:  Նրա մասին առաջին հիշատակությունը վերաբերում է VIII դարի 20-ական թվականներին: X- XIV դարերում եղել է գիտակրթական նշանավոր կենտրոն: Թեղենյաց վանքում են գործել նշանավոր գիտնականներ Սարգիս իմաստասերը, Վանական Վարդապետը, պատմիչ Վարդան Արևելցին: Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, երկու գավիթներից, գրատուն-դպրատնից, սեղանատնից և փոքր  եկեղեցուց: Հուշարձանախմբից ոչ հեռու պահպանվել է միջնադարյան գերեզմանատունը: Վանքից ոչ հեռու կան հողով ծածկված մատուռներ, կացարաններ:

Գրատունը կից է Կաթողիկե եկեղեցուն և հավանաբար կառուցվել է Կաթողիկեի հետ միաժամանակ XII դարից ոչ ուշ: Հատակագծում ուղղանկյուն է` արևելյան կողմում երեք փոքր ավանդատներով: Համալիրը կառուցված է մուգ կարմիր տուֆով: Սեղանատունը գտնվում է համալիրի հյուսիսային կողմում, որից պահպանվել է միայն հյուսիսային պատը: Կառուցվել է  հավանաբար XIII դարում: 

Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է հիմնական համալիրից 30մ արևելք: Այն VI-VII դարերում է կառուցվել: Հատակագծային հորինվածքով քառախորան տիպի է: Եկեղեցու շուրջը կան XIII դարին բնորոշ գեղաքանդակ խաչքարեր: Կաթողիկե եկեղեցին գտնվում է հուշարձանախմբի կենտրոնում: Առանձնանում է գեղարվեստական ճոխ հարդարանքով: Ուշագրավ է հատկապես բեմի ճակատային մասը, որի ողջ  մակերեսը քանդակազարդ է: Գավիթը կից է Կաթողիկե եկեղեցուն արևմտյան կողմից: Շինարարական արձանագրության համաձայն կառուցվել է 1207թ., Պատվիրատուն Պատրոնիկի որդի Վահրամ Չավուշն է: 

 

Գավթի պատերին նվիրատվական արձանագրություններ են թողել Քուրդ Ա Վաչուտյանն ու նրա կինը` Խորիշահ իշխանուհին: Վանքի պեղումներից բացվել են մեծ թվով խեցեղեն իրեր ինչպես հասարակ, այնպես էլ ջնարակապատ: