Ծաղկեվանքը, որն այլ կերպ անվանում են նաև կույս Վառվառա, գտնվում է Արա լեռան ստորոտում:

 Սրբավայրի մասին մի քանի ավանդազրույց է հասել մեզ: Դրանցից մեկի համաձայն՝ այն կապվում է համաքրիստոնեական սրբի՝ Վարվառա կույսի հետ: Նրա հայրը՝ Դիոսկորոսը, հռոմեական կայսրության պաշտոնյա էր, և հայտնի էր քրիստոնյաների նկատմամբ իր դաժան հետապնդումներով: Երբ իմանում է դստեր քրիստոնեություն ընդունելու մասին, որոշում է անձամբ գլխատել նրան: Վարվառան փախչում և պատսպարվում է Արա լեռան այս անմատչելի քարայրում: Սակայն հայրը գտնում և դաժանաբար սպանում է աղջկան: Գլխատվելուց առաջ կույսը խնդրում է տիրոջը, որ ով իր բարեխոսությանը դիմի, բժշկվի, ով նեղության մեջ է՝ ազատվի փորձություններից: Հենց այս հույսով են մարդիկ գալիս Ծաղկեվանք՝ սրբի բարեխոսությունը խնդրելու: Ծաղկեվանքը համարվում է շատ հրաշքներ գործող եկեղեցի: 

Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ սրբավայրը կապվում է Ծաղիկ կույսի հետ, որին հետապնդում էր բռնակալ իշխանը: Գեղեցկուհի կույսը նրանից փախչելով, թաքնվել է Արա լեռան քարայրում: Աղջկան հետապնդող իշխանը լեռան ստորոտում հանդիպել է մի հովվի, որը հայտնել է Ծաղիկի տեղը: Պատմում են, որ Աստված մատնիչ հովվին իր ոչխարների հետ միասին քար է դարձրել, իսկ Ծաղիկը անհավատ բռնակալի ձեռքը չընկնելու համար ժայռից ցած է նետվել: Ըստ ժողովրդական այս ավանդազրույցի՝ այդ օրվանից էլ Ծաղիկի թաքստոցը դարձել է սրբավայր, իսկ քարայրում կաթացող ջուրը նահատակ կույսի արցունքներն են, որը մարդիկ օգտագործում են բուժման նպատակով:

 

Ծաղկեվանքը բազմամարդ է լինում հատկապես ուխտի օրը՝ համբարձման տոնին: Ուխտագնացությունը տևում է 7 շաբաթ:  Մարդիկ գալիս են այստեղ սրբի բարեխոսությունը խնդրելու, աղոթելու: Ըստ ազգագրական նյութերի՝ այստեղ աճող խոտերից, ծաղիկներից շատերը բուժիչ հատկություն ունեն։