Վահանավանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքից մոտ 5կմ հարավ-արևմուտք` Ողջի գետի ափին, Տիգրանասարի լանջին: Հիմնադրել է Սյունյաց նահանգի Բաղակ գավառի գահակալ իշխան Ձագիկի որդի Վահանը X դարում : Նրա անունով էլ վանքը կոչվել է Վահանավանք: Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց, գավթից, սյունասրահից և Սուրբ Աստվածածին եկեղեցուց: Լուսավորիչ եկեղեցին, գավիթը, սյունասրահը 1046թ. վերանորոգել է իշխանաց իշխան Գրիգորը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին համալիրի գլխավոր եկեղեցին է, կառուցվել է 910-ական թվականներին: Այն մեկ զույգ մույթերով, գմբեթավոր դահլիճ է և կառուցված է սրբատաշ բազալտից: Գավիթը արևմտյան կողմից կից է եկեղեցուն և կառուցված է սրբատաշ բազալտից: Այն կառուցվել է Վահանավանքի վանահայր և Սյունյաց մետրոպոլիտ Վահան Ջիվանշիրյանը XI դարի կեսին: Գավիթը ուղղանկյուն դահլիճ է` երեք թաղակիր կամարներով: Գլխավոր մուտքը հարավային կողմից է և բացում է դեպի սյունասրահը: Սյունասրահը գտնվում է համալիրի հարավային կողմում և ձգվում է վերջինիս ողջ երկարությամբ: Կառուցները կղմինդրածածկ են: Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է համալիրի հարավային բարձունքի վրա: Ըստ արձանագրության եկեղեցին 1086թ կառուցել է սյունյաց թագուհի Շահանդուխտը` իր քրոջ` Կատայի հետ միասին: Այն դասվում է երկհարկ դամբարան-եկեղեցիների տիպին: Այն թաղածածկ, փոքր, միանավ բազիլիկ տիպի կառույց է: Եկեղեցու շենքն ավելի փոքր է, քան դամբարանինը, որի հետևանքով հյուսիսային և արևմտյան մասում առաջացել է շրջանցող հարթակ: Կառուցված է սրբատաշ բազալտից:
Համալիրի տարածքում պահպանված բազմաթիվ արձանագրությունները վկայում են, որ Վահանավանքը Սյունյաց և Աղվանից թագավորական-իշխանական տոհմերի պանթեոն է եղել: Վահանավանքին կից գործել է դպրոց: Հուշարձանախմբի տարածքում պահպանվել են նաև ընդարձակ գերեզմանոցի, աղբյուրի, բնակելի շինությունների մնացորդներ, որոնք վկայում են նախկինում խոշոր վանական համալիրի գոյության մասին:
1966թվականից պարբերաբար իրականացվել են պեղումներ, վերականգնման աշխատանքներ, որոնց արդյունքում համալիրն այսօր ամբողջությամբ վերանորոգված է: