Լոռվա մարզի Վարդաբլուր գյուղը գտնվում է Գարգառ գետի ափին, ծովի մակերևույթից 1300մ բարձրության վրա: Ներկայումս գտնվում է Գյուլագարակ խոշորացված համայնքի կազմի մեջ: Վարդաբլուրի Սուրբ Աստվածածին եկեղեցին ներկայիս տեսքն ընդունել է 1860-ական թվականներին, բայց հավանաբար կառուցվել է հին եկեղեցու փոխարեն: Այդ մասին են խոսում տարածքում եղած հնամենի գերեզմանատունը, որի մի մասն անցել է ճանապարհի տակ: Բացի այդ ներկա շինության մեջ  օգտագործվել են հին տապանաքարեր:  Եկեղեցին պատկանում է եռանավ բազիլիկ տիպին: Կառուցման ժամանակ նախատեսվել է նաև զանգակատուն ներառել բուն հորինվածքում, սակայն, պայմանավորված խորհրդային կարգերի հաստատմամբ, շինարարությունն ավարտվել է առանց զանգակատան: Պահպանվել են նախատեսվող զանգակատան սյուներն ու զանգը: Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես պահեստ:

 1918թ մայիսին Զորավար Անդրանիկն իր ջոկատով  Ջալալօղլու մոտ երկու օր կռիվ մղելուց հետո, դեպի Դսեղ գնալու ճանապարհին կանգ է առել Վարդաբլուրում, օրհնություն ստացել Տեր Եղիա  քահանա Զոհրաբյանի կողմից և գյուղի մեծահարուստ Գյուլզարանց Առաքելին խնամակալության հանձնել ջոկատում եղած որբերին` Իսրայելին  ու Ղուկասին:

 

Եկեղեցուն հարակից հարթության վրա կանգնած են տարբեր ժամանակաշրջաններին պատկանող խաչքարեր, որոնք գյուղի և հին բնակատեղիի դարավոր պատմության վկաներն են: